Եվրախորհրդարանականները ցանկալի են համարում Եվրախորհրդարանի այցը ԼՂՀ

29.10.2010, 20:02
Եվրախորհրդարանականները ցանկալի են համարում Եվրախորհրդարանի այցը ԼՂՀ

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Եվրախորհրդի պատգամավորներ Միշել Ռիվազիին և Դամիեն Աբադին ՀՀ խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպման ժամանակ ցանկալի են համարել Եվրախորհրդաի այցը ԼՂՀ, ուրբաթ հաղորդում է Ազգային ժողովի մամուլի ծառայությունը։

Եվրախորհրդի պատգամավորները հինգշաբթի մեկօրյա այցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում են եղել։ Նրանց ուղեկցել են Եվրոպայի  Հայերի ֆեդերացիայի նախագահ Հիլդա Չոբոյանը, Դաշնակցություն խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը և առողջապահության, մոր և մանկան հարցով ՀՀ խորհրդարանի հանձնաժողովի ղեկավար Արա Բաբլոյանը։

«Կարևորելով Եվրախորհրդարանի պատգամավորների ճանաչողական այցը Հայաստան եւ Լեռնային Ղարաբաղ` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ   եվրոպական եւ միջազգային կառույցներում զգացվում է Հայաստանի եւ ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ ճշգրիտ տեղեկատվության պակաս եւ այս առումով նման այցերն էլ ավելի կարևոր են դառնում, քանի որ դրանք հնարավորություն են ընձեռում անմիջականորեն ծանոթանալ իրականությանը, ընթացող զարգացումներին, ստանալ օբյեկտիվ տեղեկատվություն, ինչը կնպաստի անկողմնակալ մոտեցում դրսեւորելուն»,- ասվում է հաղորդագրության մեջ։

ԱԺ նախագահը փաստեց, որ հունիսին Եվրախորհրդարան կատարած իր այցը  շատ արդյունավետ էր: Հովիկ Աբրահամյանը շեշտեց, որ Եվրոպական ուղղությունը և Եվրամիության հետ մերձեցումը մեր երկրի արտաքին և ներքին քաղաքականության առաջնահերթություններից է: 

Հյուրերի խնդրանքով ԱԺ նախագահը մանրամասն ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի պատմությունը եւ կարգավորման գործընթացը: Նա եւս մեկ անգամ շեշտեց, որ Հայաստանը հիմնախնդրի կարգավորումը տեսնում է միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում` հիմնված ազգերի ինքնորոշման, տարածքային ամբողջականության և ուժի չկիրառման սկզբունքների վրա: Հովիկ Աբրահամյանը խիստ մտահոգիչ համարեց այն փաստը, որ Ադրբեջանի կողմից հաճախակի խախտվում է զինադադարը, ինչը մարդկային զոհերի պատճառ է դառնում եւ որեւէ կերպ չի նպաստում տարածաշրջանային անվտանգությանը եւ խաղաղության հաստատմանը:

Նա  ցավով արձանագրեց, որ  միջազգային հանրությունը համարժեք գնահատական չի տալիս Ադրբեջանի նման գործելաոճին:

Եվրախորհրդարանի պատգամավորներ Միշել Ռիվազին և Դամիեն Աբադը շեշտեցին, որ իրենց համար չափազանց կարեւոր էր  այցը Հայաստան և ԼՂՀ, քանի որ անմիջական պատկերացում ստացան տարածաշրջանային իրավիճակի վերաբերյալ: Նրանք անընդունելի համարեցին Հայաստանին` տարածաշրջանային ծրագրերից մեկուսացնելու փորձերը, ինչը խոչնդոտում է տարածաշրջանային համապարփակ զարգացմանը, ինչպես նաեւ կարեւորեցին Հայաստանի էներգետիկ անվտանգությունը:

Եվրախորհրդարանի պատգամավորների կարծիքով արցախյան հիմնախնդրին առավել մոտիկից ծանոթանալու համար կարևոր են նման այցերը, քանի որ Եվրախորհրդարանի պատգամավորներից շատերը լավ պատկերացում չունեն Կովկասյան տարածաշրջանի խնդիրների մասին: Այս առումով նրանք ցանկալի համարեցին ԼՂՀ ԱԺ նախագահի այցը Եվրախորհրդարան:

Հանդիպման ընթացքում  անդրադարձ եղավ հայ-թուրքական հարաբերություններին, Եվրախորհրդարան-ՀՀ ԱԺ համագործակցության հեռանկարներին եւ երկկողմ կարեւորություն ունեցող այլ հացերի ևս: -0-