Հայաստանի գլխավոր նպատակը բանակցությունների միջոցով ԼՂՀ-ի միջազգային ճանաչումն է. ՀՀԿ

29.10.2010, 14:08
Հայաստանի գլխավոր նպատակը բանակցությունների միջոցով ԼՂՀ-ի միջազգային ճանաչումն է. ՀՀԿ
Հայաստանի գլխավոր նպատակը բանակցությունների միջոցով ԼՂՀ-ի միջազգային ճանաչումն է. ՀՀԿ

Հայաստանի գլխավոր նպատակը բանակցությունների միջոցով ԼՂՀ-ի միջազգային ճանաչումն է, ուրբաթ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ՀՀԿ-ի խորհրդարանական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը:

«Մեր դիրքորոշումն անփոփոխ է. մենք անում ենք ամեն ինչ ԼՂՀ-ի միջազգային ճանաչման համար: Դա մեր հիմնական նպատակն է», - ասաց Շարմազանովը՝ մեկնաբանելով ԼՂՀ ճանաչման մասին «Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցության օրինագծի քվեարկության հետաձգումը:

Հայաստանի խորհրդարանը հինգշաբթի միաձայն կերպով որոշում ընդունեց մինչև դեկտեմբերի 9-ը հետաձգել «ԼՂՀ անկախության ճանաչման մասին» «Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցության կողմից առաջարկված օրինագծի քվեարկությունը: Քվեարկությունը հետաձգվել է կոալիցիոն կուսակցությունների առաջարկով դեկտեմբերի 1-2-ը Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթնաժողովի համատեքստում:

Խմբակցության քարտուղարը նշեց, որ աշխարհում չկա ոչ մի հայ, ով դեմ է ԼՂՀ-ի ճանաչմանը: Ինչպես հավաստիացրեց Շարմազանովը, ՀՀԿ-ն ժամանակին անհապաղ քայլեր կձեռնարկի, որոնք կօգնեն ԼՂՀ-ի ճանաչմանը: Խորհրդարանականը նշեց, որ հայկական կողմի համար արմատական հարց է ԼՂՀ-ի կարգավիճակի հարցը, հանրապետությունը չի կարող գտնվել Ադրբեջանի կազմում:

«Եթե Ադրբեջանը հասկանա դա, ապա բանակցություններն առաջ կշարժվեն: Եթե Ադրբեջանում շարունակվի հակահայկական ֆաշիզմը, պատմության և փաստերի խեղաթյուրումը, ապա դա ոչնչի չի բերի», - ասաց խմբակցության քարտուղարը:

Նրա կարծիքով՝ ղարաբաղյան հակամարտությունը հաջող կարգավորելու համար Ադրբեջանը պետք է ցույց տա իր կառուցողականությունը, առաջ ընթանալու ցանկությունը:

«1988 թ.-ից Լեռնային Ղարաբաղը դե-ֆակտո անկախ է, և Ալիևը պետք է հասկանա դա», - հայտարարեց նա:

Շարմազանովը նաև ընդգծեց, որ առանց բանակցություններում ԼՂՀ-ի ուղղակի մասնակցության հակամարտության արդար կարգավորումն անհնար է: Խոսելով Հայաստանի և ԼՂՀ-ի միջև ռազմաքաղաքական դաշինքի կնքման մասին հաճախ հնչող առաջարների մասին՝ Շարմազանովն ասաց, որ Հայաստանի իշխանությունները պատրաստ են ցանկացած քայլ քննարկել, որը կամրապնդի ԼՂՀ-ի անվտանգությունը:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-