Դաշնակցությունը կաջակցի ԼՂՀ անկախության ճանաչման մասին ընդդիմադիր գործընկերների օրենսդրական նախաձեռնությանը

26.10.2010, 16:29
Դաշնակցությունը կաջակցի ԼՂՀ անկախության ճանաչման մասին ընդդիմադիր գործընկերների օրենսդրական նախաձեռնությանը
Դաշնակցությունը կաջակցի ԼՂՀ անկախության ճանաչման մասին ընդդիմադիր գործընկերների օրենսդրական նախաձեռնությանը

Հայ հեղափոխական դաշնակցությունը կաջակցի ԼՂՀ անկախության ճանաչման մասին «Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցության գործընկերների օրենսդրական նախաձեռնությանը, ասաց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, Դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:

«ԼՂՀ անկախության ճանաչման մասին» «Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցության օրինագիծն ընթացիկ քառօրյայում (հոկտեմբերի 25-28-ը) կներկայացվի ՀՀ ԱԺ-ի քվեարկությանը:

Օրինագծով նախատեսված է, որ Հայաստանը իրավական մակարդակով պետք է ճանաչի Ղարաբաղի անկախությունը, և այս փաստաթղթի ընդունումը հիմք կդառնա՝ ճանաչումից բխող բոլոր հարցերի, այդ թվում նաև անվտանգության հարցերի կարգավորման համար:

««Ժառանգությունը» լիազորել է ինձ բանակցություններ անցկացնել խորհրդարանական մեծամասնության հետ այն մասին, որ նրանք պատրաստ են այս քառօրյայում հետ կանչել օրինագծի քննարկման մասին առաջարկը, եթե հարցը մնա մեծ օրակարգում մինչև հարմար պահի գալը: Փոխզիջման հնարավորություն կար, սակայն խորհրդարանական մեծամասնությունը չգնաց դրան: Այս ամենի արդյունքում «Ժառանգությունը» հետաձգեց քվեարկությունը, սակայն այն տեղի կունենա այս շաբաթ, և մեզ համար դա ամենաանցանկալի դասավորությունն է», - ասաց Ռուստամյանը:

Նա կրկին պարզաբանեց, որ նման ազգային նշանակություն ունեցող հարցը պետք է միաձայն ընդունվի, հակառակ դեպքում այն կարող է վնասել Լեռնային Ղարաբաղի անկախության միջազգային ճանաչման գործընթացին:

«Եթե «Ժառանգությունն» ու «Դաշնակցությունը» «կողմ» քվեարկեն, իսկ մյուսները չքվեարկեն կամ, ինչն ավելի վատ է, «դեմ» քվեարկեն, ապա օրենքը կձախողվի: Ադրբեջանը և այլ ուժերը կօգտագործեն դա և կասեն՝ եթե հայկական խորհրդարանում միասնություն չկա, ապա ի՞նչ եք պահանջում մեզանից», - ասաց խորհրդարանականը:

Ռուստամյանը նշեց, որ դրա համար պատասխանատվությունը կընկնի ոչ թե «Ժառանգության» վրա, որն այդ օրենքը հասցրեց քվեարկության, այլ՝ պետության վրա, այդ պատճառով նրան անհասկանալի է մեծամասնության դիրքորոշումը:

«Արտասահմանում այս ամենը կդիտարկվի որպես երկրի ներսում փոխհամաձայնության բացակայություն: Բոլոր խորհրդարաններում մեզ կմեղադրեն, և դա լուրջ սպառնալիք կդառնա ԼՂՀ անկախության միջազգային ճանաչման համար», - ասաց նա:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-