ՀՀ փոխարտգործնախարարը եվրախորհրդարանականների հետ քննարկել է Հայաստան-ԵՄ օրակարգին վերաբերող հարցերը

25.10.2010, 12:55
ՀՀ փոխարտգործնախարարը եվրախորհրդարանականների հետ քննարկել է Հայաստան-ԵՄ օրակարգին վերաբերող հարցերը

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստան-ԵՄ հարաբերությունների օրակարգային հարցերն են քննարկվել ՀՀ փոխարտգործնախարար Կարինե Ղազինյանի և Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ ռումինացի Տրայան Ունգուրիանուի (Եվրոպական ժողովրդական կուսակցություն, Եվրոնեստ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ, Սևծովյան տարածաշրջանի հարցերով զեկուցող), բուլղարացի Անդրեյ Կովաչևի (Եվրոպական ժողովրդական կուսակցություն, Հայաստանի հարցերով համազեկուցող) և Ֆրանկ Էնգելի (Եվրոպական ժողովրդական կուսակցություն, Լյուքսեմբուրգում ՀՀ պատվո հյուպատոս) միջև օրերս տեղի ունեցած հանդիպման ժամանակ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

«Հանդիպման ընթացքում քննարկվեցին, մասնավորապես, ասոցացման համաձայնագրի շուրջ ընթացող բանակցությունները: Կողմերը կարևորեցին խորհրդարանական կապերի զարգացումը՝ նշելով, որ Եվրոնեստ խորհրդարանական վեհաժողովի հիմնումը նոր խթան կլինի այդ գործակցության համար», - նշվում է մամուլի հաղորդագրության մեջ:

Հայաստան-ԵՄ ասոցացման համաձայնագրի հարցով բանակցողների թիմը հայկական կողմից ղեկավարում է Կարինե Ղազինյանը: Ասոցացման համաձայնագիրը կփոխարինի Գործընկերության և համագործակցության մասին գործող համաձայնագրին, այն Հայաստան-ԵՄ համագործակցությունը կարգավորող հիմնական փաստաթուղթն է, որը ուժի մեջ է մտել 1999 թ.-ի հուլիսին տասը տարի ժամկետով:

Եվրախորհրդարանականների հետ հանդիպման ընթացքում Կարինե Ղազինյանը ներկայացրել է արցախյան հակամարտության կարգավորման գործընթացի առանձնահատկությունները:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային խնդիրներին՝ կարևորելով տարածաշրջանային համագործակցության անհրաժեշտությունը:-0-