Հայ շախմատիստուհիները բրոնզե մեդալ են շահել Եվրոպայի թիմային առաջնությունում

25.10.2010, 10:35
Հայ շախմատիստուհիները բրոնզե մեդալ են շահել Եվրոպայի թիմային առաջնությունում
Հայ շախմատիստուհիները բրոնզե մեդալ են շահել Եվրոպայի թիմային առաջնությունում

Երևանի «ՄԻԿԱ» ակումբի կանանց թիմը զբաղեցրել է երրորդ տեղը Բուլղարիայում անցկացված Եվրոպայի 2010 թ.-ի թիմային առաջնության արդյունքում: Տղամարդկանց թիմի արդյունքներն ավելի համեստ են, նրանք զբաղեցրել են 11-րդ տեղը, հաղորդվում է առաջնության պաշտոնական կայքում:

Շաբաթ օրը վերջին՝ յոթերորդ փուլում 1,5-3,5 հաշվով «Lokomotiv 2000» բուլղարական ակումբի նկատմամբ տարած հաղթանակը հայ շախմատիստուհիներին թույլ տվեց ավարտել օլիմպիադան երրորդ տեղով (9 միավոր արդյունքով): Այդ կերպ նրանք կրկնեցին երեք տարի առաջ Թուրքիայում կայացած Եվրոպայի թիմային առաջնության արդյունքները, այն ժամանակ հայ շախմատիստուհիները 2006 թ.-ին նվաճած չեմպիոնի  տիտղոսը զիջեցին Cercle d'Echecs ակումբին:

Եվրոպայի 2010 թ.-ի կանանց թիմային առաջնության չեմպիոն ճանաչվեց Մոնտե-Կարլոն ներկայացնող Cercle d'Echecs թիմը (10 միավոր), որը լրացուցիչ ցուցանիշներով առաջ անցավ արծաթե մեդալակիր ռուսական «St.Petersburg Chess Club» ակումբից (ևս 10 միավոր):

Իսկ տղամարդկանց առաջնությունում հայկական ակումբի անդամներին առաջնության վերջին օրը չհաջողվեց կոտրել «Baden-Baden OSG» թիմի դիմակայությունը (2,5-3,5), ինչի հետևանով «Միկան», հավաքելով 9 միավոր, 49 թիմերի շրջանում զբաղեցրեց 11-րդ տեղը:

Առաջին երկու տեղերը զբաղեցրեցին ռուսական ակումբները. ոսկե մեդալի արժանացավ Economist-SGSEU-1 թիմը (13 միավոր), «արծաթի» արժանացավ «Yugra» թիմը, որը հաղթողից երկու միավոր պակաս հավաքեց: Երրորդ տեղը զբաղեցրեց Ուկրաինան ներկայացնող A DAN DZO & PGMB – Chernigiv ակումբը (11 միավոր):

Երևանի «ՄԻԿԱ» ակումբի տղամարդկանց թիմում հանդես եկան գրոսմայստերներ Լևոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Արման Փաշիկյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը, Զավեն Անդրեասյանը, Հրանտ Մելքումյանն ու Աշոտ Անաստասյանը: Կանանց թիմում հանդես եկան գրոսմայստերներ Էլինա Դանիելյանը, Խարիկա Դրոնավալին (Հնդկաստան), Լիլիթ Մկրտչյանն ու Լիլիթ Գալոյանը:

Աշխարհի ավելի քան 20 երկիր ներկայացնող շախմատային ակումբների եվրոպական առաջնությունն անցկացվել է Պլովդիվ քաղաքում հոկտեմբերի 17-23-ը: Կանանց և տղամարդկանց մրցաշարերն անցկացվել են շվեյցարական համակարգով՝ 7-ական փուլով:-0-