Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագաները հոկտեմբերի 27-ին Աստրախանում կքննարկեն ղարաբաղյան հարցը

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հոկտեմբերի 27-ին Ռուսաստանի Դաշնության Աստրախան քաղաքում, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի նախաձեռնությամբ, տեղի կունենա Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության նախագահերի միջև եռակողմ հանդիպումը, որի ընթացքում կողմերը կշարունակեն բանակցությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ, տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:
Սարգսյան-Ալիև նախորդ, վեցերորդ հանդիպումն անցկացվել է հունիսի 18-ին՝ Սանկտ Պետերբուրգում, նույնպես ՌԴ նախագահի նախաձեռնությամբ։ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները հանդիպմանը համաձայնեցին շարունակել Ղարաբաղի վերաբերյալ բանակցությունները Մադրիդյան սկզբունքների հիման վրա։ Այս սկզբունքներն ընգրկում են, մասնավորապես, «միջանցքի» բացումը Հայաստանի և Ղարաբաղի միջև, Լեռնային Ղարաբաղին միջանկյալ կարգավիճակ տալը և հետագայում նրա վերջնական իրավական կարգավիճակի սահմանումը ժողովրդի իրավաբանորեն պարտադիր կամարտահայտման հիման վրա։
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-