ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի Սահմանադրության 15-ամյակին նվիրված միջազգային համաժողով է ուրբաթ մեկնարկել Երևանում:
«Համաժողովի հիմնական թեմաներն են սահմանադրական արդարադատության պրակտիկայում մարդու սահմանադրական իրավունքների պաշտպանության ու պահպանման հարցերը՝ հաշվի առնելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումները», - համաժողովի բացման ժամանակ ասաց ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը:
Ինչպես նշեց Հարությունյանը, միջոցառման շրջանակներում տեղի կունենան նաև անհատական սահմանադրական բողոքի ինստիտուտի և նրա զարգացման ժամանակակից եվրոպական միտումների վերաբերյալ քննարկումներ:
Նա նշեց, որ այս քննարկումները հատկապես կարևոր են մի շարք տեսանկյուններից: «Առաջին հերթին, այս հարցի շուրջ Եվրոպայում գոյություն ունեցող մոտեցումները էականորեն տարբերում են մեր մոտեցումներից, երկրորդը՝ եվրոպական շատ երկրներում արդարադատության ազգային համակարգերի արդյունավետության հետագա բարձրացման գլխավոր ուղղությունը իրավունքի գերակայության երաշխավորումն է, երաշխավորման գործուն մեխանիզմների ներդրումը, մարդու իրավունքների ապահովումն ու պաշտպանությունը», - ասաց նա:
Միաժամանակ ՍԴ ղեկավարն ավելացրեց, որ իրավունքի գերակայության ապահովումն անհնար է առանց մարդու սահմանադրական արդարադատության իրավունքի հուսալի և լիարժեք ապահովման: Նրա խոսքերով՝ համաժողովի բոլոր զեկույցներն ու թեզերը կհրապարակվեն առանձին հրատարակություններով:
ԵԽ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջանի Բուկիկիոն իր հերթին նշեց իր կողմից գլխավորած կառույցի և Հայաստանի Սահմանադրական դատարանի միջև համագործակցության կարևորությունը:
«Հենց Վենետիկի հանձնաժողովի հետ համագործակցության շնորհիվ է, որ հայկական սահմանադրական արդարադատությունը չի զիջում միջազգային չափորոշիչներին», - ասաց նա:
Սահմանադրական իրավունքի միջազգային ասոցիացիայի նախագահ Դիդյե Մոսը ընդգծեց, որ նման համաժողովները մեծապես նպաստում են մարդու սահմանադրական իրավունքների էվոլյուցիային:
«Հուսով եմ, որ այս համաժողովի ընթացքում մենք կգտնենք արդարադատության ազգային և եվրոպական համակարգերը համատեղելու ընդհանուր ուղիները», - ասաց նա:
Համաժողովի կազմակերպիչներն են Հայաստանի Սահմանադրական դատարանը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, Եվրոպայի Խորհրդի Մարդու իրավունքների Վենետիկի հանձնաժողովը: Միջոցառմանը մասնակցում են 20 երկրների ներկայացուցիչներ, որոնց թվում են Հայաստանը, Ղարաբաղը, Ռուսաստանը, Գերմանիան, Վրաստանը, Մակեդոնիան, Ուկրաինան, Լյուքսեմբուրգը, Հունաստանը, Մեքսիկան, Ղազախստանը, Բուլղարիան, Լեհաստանը, Լիտվան, Մոլդովան, Անորրան:-0-