Վրաստանի և Ադրբեջանի միջև համադաշնության իրական հեռանկար չկա. փորձագետ

19.10.2010, 18:04
Վրաստանի և Ադրբեջանի միջև համադաշնության իրական հեռանկար չկա. փորձագետ

Ադրբեջանի հետ Վրաստանի միավորման ոչ մի իրական հեռանկար գոյություն չունի, կարծում է փորձագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:

«Եթե խոսենք տեսական մակարդակի մասին, ապա ես աշխարհում ոչ մի գործող համադաշնություն չգիտեմ», - ասաց Իսկանդարյանը երեքշաբթի «Վրաստան-Ադրբեջան կոնֆեդերացիա. մարտահրավերնե՞ր, թե՞ հնարավորություններ» թեմայով Երևան-Մոսկվա-Թբիլիսի տեսակամուրջի ընթացքում:

Նրա խոսքերով՝ պատմության մեջ համադաշնության ստեղծման մի քանի փորձ է եղել, սակայն ոչ մեկը չի հաջողվել:

«Վրաստանի և Ադրբեջանի, ինչպես աշխարհի ցանկացած նման երկրի համադաշնություն առնվազն այսօր անհնար է, քանի որ համադաշնություններ գործնականում չեն լինում», - ասաց փորձագետը:

Նրա խոսքերով՝ երկրորդը Վրաստանի և Ադրբեջանի փոխհարաբերություններն են: «Եթե Վրաստանն ու Ադրբեջանը վերածվեն համադաշնության, ապա կրտսեր գործընկերոջ դերը կստանձնի Վրաստանը: Ադրբեջանը ոչ իր ռեսուրսներով, ոչ ներուժով, ոչ բնակչությամբ, ոչ իր հարստությամբ, ոչ իր տարածքով և ոչ էլ ինչ-որ այլ պարամետրերով չի կարող կրտսերը լինել այդ գոյացությունում», - նշեց Իսկանդարյանն՝ ավելացնելով, որ այդ հիփոթետիկ գոյացությունում որոշումներն ընդունելու է Ադրբեջանը, այլ ոչ թե Վրաստանը, «և այդ պատճառով այդ համադաշնությունը չստեղծված կփլուզվի»:

«Տնտեսական համագործակցությունը հիանալի է, մաքսային միությունը լավ է, կայունությունը ևս շատ լավ է, սակայն ես չեմ հասկանում այստեղ ինչ գործ ունի համադաշնությունը: Իմ թվարկածներից և ոչ մեկին համադաշնություն հարկավոր չէ», - ընդգծեց փորձագետը՝ նշելով, որ ոչ ՎՈՒԱՄ-ը, և ոչ էլ «Արևելյան գործընկերությունը» իրենցից համադաշնություն չեն ներկայացնում:

Խոսելով միավորման անհրաժեշտության մասին 20 տարվա ընթացքում Հարավային Կովկասից դուրս և նրա ներսում ընթացող խոսակցությունների մասին՝ Իսկանդարյանը նշեց, որ հայտարարությունն այն մասին, թե ժամանակակից աշխարհում բոլորը միավորվում են, չափազանցություն է:

«Ատլանտիկ օվկիանոսի հյուսիսային ափն ու աշխարհը տարբեր բաներ են: ԵՄ-ն, իհարկե, մարդկության պատմության մեջ քաղաքական միավորման նոր տեսակի փորձի վառ օրինակ է, սակայն այն բացառիկ է, այլ օրինակ գոյություն չունի», - ասաց Իսկանդարյանը: Բացի այդ, փորձագետը չհամաձայնեց այն դիրքորոշման հետ, որի համաձայն՝ «ցանկացած միավորում լավ է»:

«Ես շատ եմ լինում Վրաստանում, այնտեղ ընկերներ ունեմ, ճամփորդում եմ այդ երկրում և տեսել եմ մարդկանց, ովքեր ցանկանում են ինչ-որ ձևաչափում միավորվել Եվրոպայի հետ, սակայն ինչ-որ ձևաչափում Ադրբեջանի հետ միավորվել ցանկացողների չեմ հանդիպել: Միգուցե ինձ բախտ չի վիճակվել, չգիտեմ», - ասաց փորձագետը:-0-