Էներգետիկայի հարցով ԵՄ-Հայաստան ենթահանձնաժողովի առաջին նիստը տեղի կունենա Երևանում

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Էներգետիկայի, միջուկային անվտանգության, տրանսպորտի և շրջակա միջավայրի հարցերով ԵՄ-Հայաստան ենթահանձնաժողովի առաջին նիստը տեղի կունենա երեքշաբթի Երևանում, հաղորդում է Հայաստանում ԵՄ պատվիրակության մամուլի ծառայությունը։
«Այս նոր ենթահանձնաժողովի ստեղծումը ԵՄ և Հայաստանի միջև առավել սերտ հարաբերությունների նշանն է»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Խորհրդակցությունը կանցկացվի ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանի և ԵՄ արտաքին հարաբերությունների գլխավոր տնօրինության Ուկրաինայի, Բելառուսի, Մոլդովայի և Հարավային Կովկասի բաժնի պետ Ջոն Կյայերի նախագահությամբ։
Միջոցառումների ընթացքում կքննարկվեն Հայաստանի և ԵՄ էներգետիկայի ոլորտի վերջին գործընթացները, էներգետիկական և միջուկային անվտանգության հարցերում տարածաշրջանային համագործակցությունը:
Նաև կքննարկվեն տրանսպորտային ոլորտի խնդիրները, ՀՀ էկոլոգիական քաղաքականությանը, կլիմայի փոփոխության և քաղաքացիական պաշտպանությանը վերաբերող հարցեր։
Եվրամիությունը մշտական աջակցություն է ցուցաբերում ՀՀ էներգետիկայի, միջուկային անվտանգության, տրանսպորտի և շրջակա միջավայրի ոլորտում։
1996թ.-ի ապրիլի 22-ին Հայաստանի և ԵՄ միջև գործընկերության և համագործակցության համաձայնագիր է ստորագրվել, որն ուժի մեջ է մտել 1999թ.-ի հուլիսի 1-ից։
Համագործակցության հանձնաժողովը ստեղծվել է համաձայնագրի 83-րդ հոդվածի համապատասխան։ Համագործակցության հանձնաժողովի 11-րդ նիստի ժամանակ 2010թ.-ի սեպտեմբերի 17-ին համաձայնագիր է կնքվել նոր ենթահանձնաժողովի ստեղծման մասին՝ էներգետիկական, միջուկային անվտանգության, տրանսպորտի և շրջակա միջավայրի ոլորտներում համագործակցությանը վերաբերող առանցքային հարցերի քննարկման համար։ -0-