ՀՀ պաշտպանության նախարարությունը համապատասխան միջոցառումներ կձեռնարկի սահմանում ադրբեջանցի դիպուկահարներին չեզոքացնելու նպատակով

15.10.2010, 19:03
ՀՀ պաշտպանության նախարարությունը համապատասխան միջոցառումներ կձեռնարկի սահմանում ադրբեջանցի դիպուկահարներին չեզոքացնելու նպատակով
ՀՀ պաշտպանության նախարարությունը համապատասխան միջոցառումներ կձեռնարկի սահմանում ադրբեջանցի դիպուկահարներին չեզոքացնելու նպատակով

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ձեռնարկվելու են ռազմադիվանագիտական և ռազմական համապատասխան միջոցառումներ` հայ-ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի զինված ուժերի դիպուկահարների գործունեությունը չեզոքացնելու համար, տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը:

ԼՂՀ պաշտպանական բանակի տարածած հաղորդագրության համաձայն, ս.թ. հոկտեմբերի 14-ին, ժամը 19:00-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերը ԼՂՀ պաշտպանական բանակի շփման գծի հարավ-արևելյան հատվածում խախտել են հրադադարի ռեժիմը: Ադրբեջանցի դիպուկահարի գնդակից զոհվել է զինծառայող Վիտալի Աշոտի Իգիթյանը (ծնված 1988թ.):

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը խստորեն դատապարտում է դիպուկահարների միջոցով հայ-ադրբեջանական շփման գծում իրադրությունը սրելու Ադրբեջանի արկածախնդրությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը նշում է, որ «Ադրբեջանի նման գործողությունները, որոնք իրականացվում են հակամարտության գոտում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների անցկացրած դիտորդական առաքելությունից անմիջապես հետո, ցույց են տալիս, որ Ադրբեջանը ոչ միայն չի հետևում շփման գծից դիպուկահարներին հեռացնելու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կիմունի հորդորներին, այլև անտեսում է ադրբեջանցի դիպուկահարների կողմից նախկինում պատճառված զոհերի կապակցությամբ ԵԱՀԿ գործող նախագահի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մտահոգությունները»։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա) և Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ) և նրանց ուղեկցող փորձագետները հոկտեմբերի 7-13-ը Լեռնային Ղարաբաղում են գտնվել՝ ԵԱՀԿ գնահատման դաշտային առաքելության շրջանակներում իրավիճակին ծանոթանալու համար։

Այսպիսով փորձ է արվում ձախողել ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու միջազգային հանրության ջանքերը»,- ասվում է ՀՀ ՊՆ մամուլի հաղորդագրությունում։

ՀՀ պաշտպանության նախարարությունը խորապես ցավակցում է Վիտալի Իգիթյանի հարազատներին: -0-