Գինու փառատոն կանցկացվի հոկտեմբերի 17-ին Վանաձորի մարզի Արենի գյուղում, հինգշաբթի լրագրողներին հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության տարածքային տնտեսական զարգացման և տուրիզմի վարչության պետ Մեխակ Ապրեսյանը:
«Սա արդեն գինու երկրորդ փառատոնն է, առաջինն անցկացվել է անցյալ տարի, և այդ ժամանակ է որոշվել փառատոնի անցկացումը բարի ավանդույթի վերածել: Մենք հաշվի ենք առել անցյալ տարվա փառատոնի սխալներն ու թերությունները և հուսով ենք, որ այս տարի այն առավել բարձր մակարդակով կանցնի»,- նշեց նա:
Ապրեսյանը հայտնեց, որ այս տարի փորձ է արվել փառատոնն ավելի լայնածավալ, բազմամարդ, հետաքրքիր դարձնել:
«Մասնավորապես, նաև այնպիսի միջոցառումներ են նախատեսված, ինչպիսիք են գինիների, պանիրների, պատրաստված քաղցրավենիքների, խաղողի մզվածքների համտեսումը, ինչպես նաև նկարների ցուցահանդեսը, մրցույթների անցկացումը»,- ասաց նա:
Վարչության պետը նշեց, որ այս միջոցառումը Հայաստանի ճանաչելիությունը բարձրացնելու, զբոսաշրջիկների առավել մեծ քանակ ներգրավելու, ագրոտուրիզմի զարգացման ևս մեկ քայլ է:
Արենիի գյուղապետ Ժիրայր Եղյանն իր հերթին ընդգծեց, որ բացի այլ միջոցառումներից, նաև տեղի կունենա ջրաղացի բացումը, որը երկար տարիների ընթացքում անպիտանելիության պատճառով չի գործել:
«Սակայն ջրաղացը մեծ հետաքրքրություն է առաջացնում զբոսաշրջիկների մոտ, և որոշվել է գործարկել այն»,- ասաց նա՝ ընդգծելով, որ դա մարզի տուրիզմի զարգացման ևս մեկ ազդակ կդառնա:
Եղյանը տեղեկացրեց, որ Արենի գյուղն ամուր ավանդույթներ ունի գինեգործության բնագավառում:
Նա նշեց, որ գյուղում երկու գինու գործարան է գործում՝ «Արևենի» և «Արփա-Ալկո», որոնք այս տարի 200 և 150 տոննա խաղող են գնել՝ համապատասխանաբար:
«Ընդհանուր առմամբ խաղողի բերքը 700 տոննա է կազմել: Սակայն պետք է նշել, որ բացի գործարաններին բերքը հանձնելուց յուրաքանչյուր ֆերմեր խաղողի մի մասն իրեն է պահում պատրաստման համար, ըստ ավանդույթի՝ տնական գինու համար»,- պարզաբանեց համայնքի ղեկավարը: -0-