Ամերիկան, նախկինի պես, հակված է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գաղափարին. Պետդեպարտամենտ

13.10.2010, 16:26

Վաշինգտոնը պահպանում է հակվածությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գաղափարին, նախօրեին ավանդական ճեպազրույցի ժամանակ ասել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Քրոուլին:

«Մենք, նախկինի պես, հակված ենք այս հարցերի լուծմանը: Այդ մասին ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն անցյալ ամիս ՄԱԿ-ում խոսել է առաջնորդների լայն շրջանակի հետ »,- ասաց Քրոուլին:

Վերջին երկու տարվա ընթացքում առաջընթաց էր նկատվել հայ-թուրքական հարաբերություններում, որը նախաձեռնել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: 2009թ.-ի հոկտեմբերի 10-ին Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները Ցյուրիխում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունները զարգացնելու մասին արձանագրությունը»: Սակայն Թուրքիան պարբերաբար տարբեր առիթներով ձգձգում էր արձանագրությունների վավերացման գործընթացը, ինչի հետևանքով Հայաստանը ապրիլին կասեցրեց փաստաթղթերի վավերացման գործընթացը:-0-