Ապարանում գազի պայթյունից տուժել են երկու հոգի

11.10.2010, 17:26
Ապարանում գազի պայթյունից տուժել են երկու հոգի

Ապարան քաղաքի երկու բնակիչներ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել միհարկանի քարաշեն տան գազի արտահոսքի հետևանքով, հաղորդում է Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունը:  

Միջադեպը տեղի է ունեցել նախօրեի կեսօրին: Ծառայության տվյալներով, բնական գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն (առանց հրդեհի առաջացման), ինչի հետևանքով Գ.Հարությունյանին պատկանող մեկհարկանի քարաշեն տան (10 x 12 x 3մ)  արտաքին պատերը դեֆորմացվել են, ներքին պատերը` փլուզվել:  Տանիքածածկի երկաթբետոնե կառուցատարրերը գրեթե ամբողջությամբ փլուզվել են, պատուհանները տեղահանվել և շպրտվել են տարբեր կողմեր:

Պայթյունի հետևանքով, հաղորդագրության համաձայն, քաղաքային հիվանդանոց են տեղափոխվել տանտիրուհի, 1958 թ. ծնված Գոհար Հարությունյանը՝ 1-ին և 2-րդ աստիճանի այրվածքներով, և 26-ամյա Իշխան Սարդարյանը՝  1-ին, 2-րդ և 3-րդ աստիճանի այրվածքներով: -0-