Գազամատակարարումը Հայաստան կվերականգնվի երեք օրվա ընթացքում. ՀայՌուսգազարդ

11.10.2010, 12:13
Գազամատակարարումը Հայաստան կվերականգնվի երեք օրվա ընթացքում. ՀայՌուսգազարդ
Գազամատակարարումը Հայաստան կվերականգնվի երեք օրվա ընթացքում. ՀայՌուսգազարդ

Վրաստանի տարածքում գազատարի վերականգնողական աշխատանքների պատճառով երկուշաբթի առավոտյան դադարեցված գազամատակարարումը, նախնական տվյալներով, կվերականգնվի երեք օրվա ընթացքում, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանը:

«Գազամատակարարումը դադարեցվել է այսօր առավոտյան Երևանի ժամանակով ժամը 08:00-ին՝ Ղազախ-Սագուրամո 1000 մմ տրամագծով մայրուղային գազատարի վրա վերանորոգման և վերականգնողական աշխատանքներ իրականացնելու կապակցությամբ: Նախնական տվյալներով՝ աշխատանքները կտևեն 3 օր», - նշեց նա:

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն Հայաստանի ներքին շուկայում ռուսական բնական գազի մատակարարման և տեղաբաշխման մենաշնորհային իրավունք ունի։ Ընկերությունը ստեղծվել է 1997 թ.-ին, նրա բաժնետերերն են «Գազպրոմ» ԲԲԸ-ն և Հայաստանի կառավարությունը:

Անհրաժեշտության դեպքում Հայաստանի սպառողների գազամատակարարումն իրականացվում է Աբովյանի գազապահեստարանի պաշարների հաշվին, որը Հայաստանի գազատրանսպորտային համակարգի (ԳՏՀ) գլխավոր տարրերից մեկն է, որն ապահովում է հանրապետության էներգետիկ անվտանգությունը։ Այն ստեղծվել է 1962 թ.-ին՝ քարաղի նստվածքաշերտում՝ շուրջ 800-1000 մետր խորության վրա և այսօր թույլ է տալիս պահեստավորել մոտ 110 միլիոն խորանարդ մետր գազ։ ԳՏՀ-ի օբյեկտների շարքից դուրս գալու դեպքում այս կայանը, կախված տարվա եղանակից, ի վիճակի է կարևորագույն սպառողներին վառելիքով մատակարարել 1-1,5 ամսվա ընթացքում։ --0—