ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՅԴ խմբակցության պատվիրակությունը մտադիր է այցելել Բաքու՝ մասնակցելու հոկտեմբերի 11-12-ին կայանալիք Ընկերվար միջազգայնականի (Սոցինտերն) ԱՊՀ-ի, Կովկասի և Սև Ծովի հանձնախմբի ժողովին, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաղորդեցին կուսակցության մամուլի ծառայությունից։
Պատվիրակության կազմում են ՀՅԴ Բյուրոյի անդամ, հանձնախմբի համանախագահ Մարիո Նալպանտյանը և ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը։
«ՀՅԴ պատվիրակության մասնակցությունը առայժմ երաշխավորված չէ, որովհետեւ Թբիլիսիից Բաքու թռիչքի համար անհրաժեշտ ավիատոմսերը ենթականերին վաճառելու համար ԱԶԱԼ ադրբեջանական ավիաուղիների Թբիլիսիի գրասենյակը պահանջում է նրանց այցի մասին համաձայնություն՝ ադրբեջանական դեսպանատնից կամ Ադրբեջանի Ներքին գործերի նախարարությունից։ Այս խնդիրների կարգավորմամբ զբաղվում է Սոցինտերնը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հանձնախմբի ժողովին մասնակցելու են տարածաշրջանից և Եվրոպայից սոցիալիստական և սոցիալ-դեմոկրատական կուսակցությունների ներկայացուցիչներ:
Հանձնախմբի ժողովի օրակարգում են տարածաշրջանի հակամարտությունները, տարածաշրջանի երկրներում զարգացումները և տարածաշրջանում սոցիալ- դեմոկրատիայի զարգացման հնարավորությունները։
Հայ Յեղափոխական Դաշնակցությիւնը 1996թ. սեպտեմբերին նորից դարձավ Սոցիալիստական Ինտերնացիոնալի անդամ, որին կուսակցությունը առաջին անգամ անդամագրվել էր 1907թ.:
Հայ Յեղափոխական Դաշնակցությունը հին հայկական քաղաքական կուսակցություններից մեկն է, որը ստեղծվել է 1890թ.-ին Թիֆլիսում։ Դաշնակցությունը հայրենասիրական գաղափարախոսություն կուսակցություն է, ակտիվորեն մասնակցել է Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի ազգային- ազատագրական պայքարին։ XX դարավերջին մասնակցել է ղարաբաղյան շարժմանը։ -0-