Մի օր մենք մեր հոբելյաններից մեկը կանցկացնենք Հայաստանի պատմական մայրաքաղաքում՝ Վանում, հինգշաբթի Վան քաղաքի մասին առաջին հիշատակման 2865-ամյակին նվիրված «Վան 2865» միջազգային գիտաժողովի ժամանակ ասաց ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Աշոտ Մելքոնյանը:
Հայաստանի հնագույն մայրաքաղաքը՝ Վանը, հիմնադրվել է Սարդուրի I կողմից (մ.թ.ա. 835-824 թթ.) և գտնվել է պատմական Հայաստանի տարածքում: ХVI դարի առաջին կեսերից Վանը ներառվել է Օսմանյան կայսրության կազմում: Այն բաղկացած է եղել երկու մասից՝ քաղաքից և Այգեստանից, որն ունեցել է 7 թաղամաս: 1914 թ.-ին անցկացված մարդահամարի տվյալների համաձայն՝ Վանում բնակվել է 22470 հայ և 15000 թուրք (Վանի թեմի տվյալներով՝ 34000 հայ և 21000 թուրք):
«Երևանում և Հայաստանում բնակվող հայերը պետք է մի օր կյանքի կոչեն թևավոր արտահայտությունը՝ «Գալ տարի Վանում...», որն առաջին անգամ շրջանառության մեջ են մտցրել հնագույն Վանի բնակիչները», - ասաց պատմաբանը:
Նրա խոսքերով՝ Երևանը դարձել է Հայաստանի 11 մայրաքաղաքների, այդ թվում նաև առաջին պատմական մայրաքաղաքի՝ Վանի իրավահաջորդը:
«Մեր լուսավոր Երևանն իր վրա է վերցրել Հայաստանի նախկին 11 մայրաքաղաքների իրավաջահորդի իրավունքն և պատմության ու մշակույթի քարոզի առաքելությունն է իրականացնում», - ասաց Մելքոնյանը:
Գիտաժողովի ընթացքում ընթերցվել է միջոցառման մասնակիցներին ուղղված Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի ուղերձը, որում, մասնավորապես, ասվում է. «Խորհրդանշական է, որ Վան քաղաքի մասին առաջին հիշատակման 2865-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովն անցկացվում է տոնակատարության նախօրեին՝ կամուրջ հանդիսանալով Հայաստանի առաջին (Վան) և վերջին (Երևան) մայրաքաղաքների միջև»:
Բեգլարյանի խոսքերով՝ Վանը Հայաստանի առաջին պատմական մայրաքաղաքն է, դարերի ընթացքում շատ կարևոր դեր է խաղացել հայկական պետականության կայացման և ամրապնդման գործում: «Հենց այստեղ՝ պատմական Հայաստանի ամենամեծ մարզի սրտում՝ Վասպուրականում է բարգավաճել գիրը, ձևավորվել են առևտրային-արհեստագործական ավանդույթները և հայտնվել մշակույթի հռչակավոր գործիչները», - նշվում է Երևանի քաղաքապետի ուղերձում:
Ուղերձում նաև նշվում է, որ հատկապես կարևոր է Վանի և նրա բնակիչների դերը հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարում:
Բեգլարյանը նշում է, որ հերոսական ինքնապաշտպանությունից հետո Վանի կենդանի մնացած բնակիչները բնակություն են հաստատել Արևելյան Հայաստանում, մասնավորապես՝ Երևանում և կարևոր դեր են խաղացել հանրապետության քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքում:
«Եվ այսօր Վանի բնակիչների ժառանգները շարունակում են իրենց աշխատասեր նախնիների ավանդույթները՝ անուրանալի ներդրում կատարելով Հայաստանի զարգացման գործում», - նշվում է ուղերձում:-0-