ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ստամբուլի սփյուռքահայությունը ձուլման սպառնալիքի առջև է կանգնել, չորեքշաբթի լրագրողներին ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։
«Հիմնական խնդիրները, որոնց հետ բախվում է Ստամբուլի հայկական համայնքը մեր օրերում, լեզվի, կրթության և խառնամուսնությունների խնդիրն է»,- ասաց Մելքոնյանը «Ակնարկ. Ստամբուլի հայկական սփյուռքի պատմությունը 1920 թվականից մինչև մեր օրերը» գրքի շնորհանդեսի ժամանակ։
Նրա խոսքերով, հայկական դպրոցների թիվը տարեցտարի կրճատվում է։
«Թուրքական հանրապետության կայացման ժամանակ Ստամբուլում գործել է 47 հայկական դպրոց, յոթանասունական թվականներին դրանց թիվը կրճատվել է մինչև 32-ի, իսկ այսօր մնացել է միայն 16 հայկական դպրոց 3000 աշակերտներով։ Ուսուցումը հաճախ թուրքերեն լեզվով է, քանի որ շատ ուսուցիչներ բավարար չափով չեն տիրապետում հայերենին»,- նշեց փորձագետը։
Նա հայտնեց, որ այսօր Ստամբուլի համայնքի ներկայացուցիչների միայն 18 տոկոսն է տիրապետում հայերենի, համայնքի մնացած մասը թուրքալեզու է։ 19-ից 24 տարեկան երիտասարդության 92 տոկոսը չի խոսում մայրենի լեզվով։
Մելքոնյանը մատնանշեց նաև խառնամուսնությունների խնդիրը, որոնց թիվը տարեցտարի աճում է, և ներկայում, Կոստանդնուպոլսի Հայկական Պատրիարքարանի տվյալներով, կազմում է 40 տոկոս։
Ըստ նրա, «Ակնարկ. Ստամբուլի հայկական սփյուռքի պատմությունը 1920 թվականից մինչև մեր օրերը» գիրքն ունիվերսալ ձեռնարկ է, որում արտացոլված են վերոնշյալ բոլոր խնդիրները։
«Ստամբուլի հայկական համայնքի պատմության մասին արժեքավոր շատ գրքեր են գրվել, բայց առայսօր չր եղել որևէ հրատարակություն, որը կարտացոլեր Ստամբուլի հայկական համայնքի ժամանակակից կյանքը։ Այս գրքի թողարկումը կարել է այս բնագավառում առաջին համեստ ավանդը համարել»,- ասաց թուրքագետը։
Նա նշեց նաև, որ Հայաստանի անկախացումից հետո և հատկապես հայ-թուրքական հարաբերությունների մեկնարկից հետո Ստամբուլի հայկական սփյուռքում տեղի ունեցող իրադարձություններն ավելի մեծ նշանակություն են ձեռք բերում ոչ միայն քաղաքական, այլ նաև գիտավերլուծական տեսանկյունից։
«Գիրքը ծնվել է հայկական և թուրքական աղբյուրների հիման վրա կատարած ուսումնասիրությունների արդյունքում, նրանում ընդգրկվել են նաև իմ սեփական դիտարկումները Թուրքիայի բազմաթիվ կառույցների և գործիչների հետ ունեցած հանդիպումների արդյունքում»,- նշեց Մելքոնյանը։
Նա հայտնեց նաև, որ գրքում այդ թվում ներկայացվել է Թուրքիայի պետական քաղաքականությունն էթնիկ փոքրամասնությունների, մասնավորապես, հայկական համայնքի նկատմամբ։ Այդ քաղաքականության որոշ կարևոր դրվագները ներկայացված են հայերի նկատմամբ դրսևորված խտրականության օրինակներով։
Գիրքը լույս է տեսել Հայ Առաքելական Եկեղեցու Գուգարքի թեմի ֆինանսական աջակցությամբ և Հայաստանի Սփյուռքի նախարարության դրամաշնորհով։ -0-