Հայաստանի բնակչության փորձնական մարդահամար կանցկացվի նոյեմբերին

23.09.2010, 11:25
Հայաստանի բնակչության փորձնական մարդահամար կանցկացվի նոյեմբերին
Հայաստանի բնակչության փորձնական մարդահամար կանցկացվի նոյեմբերին

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի բնակչության փորձնական մարդահամար կանցկացվի նոյեմբերին Հայաստանում, տեղեկացնում է հանրապետության Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը։

Ընթացիկ տարվա նոյեմբերին փորձնական մարդահամարի կազմակերպական հարցերը քննարկվեցին չորեքշաբթի ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի մոտ կայացած խորհրդակցության ընթացքում։

Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ ազգային վիճակագրական ծառայության պետ Ստեփան Մնացականյանը, Տավուշի և Գեղարքունիքի մարզպետներ Արմեն Ղուլարյանն ու Նվեր Պողոսյանը, քանի որ փորձնական մարդահամարը նախատեսվում է իրականացնել Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում և Տավուշի մարզի Գետահովիտ, Գանձաքար, Աչաջուր, Խաշթառակ գյուղական համայնքներում:

Քննարկվեցին անհրաժեշտ ֆինանսավորման, տարածքների տրամադրման, դաշտային աշխատանքների կազմակերպման հարցեր:

Հոկտեմբերի սկզբին Տավուշի և Գեղարքունիքի մարզերում կանցկացվեն փորձնական մարդահամարի կազմակերպման հետ կապված խորհրդակցություններ:

Փոխվարչապետը միջոցառման պատշաճ իրականացման հարցում կարևորեց բնակչության իրազեկվածությունը և կազմակերպիչներին հորդորեց քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ:

Հայաստանի հերթական մարդահամարը կանցկացվի հանրապետությունում 2011 թվականի հոկտեմբերի 12-21-ը։

Հայաստանի անկախացումից հետո առաջին մարդահամարն անցկացվել է 2001 թվականի հոկտեմբերի 19-ից 21-ը։ Ըստ մարդահամարի տվյալների, Հայաստանի բնակչությունը կազմել էր 3,2 մլն մարդ։ -0-