Հայաստանում կրթության որակի ապահովման ժամանակակից մեխանիզմների ստեղծումը կենսական նշանակություն ունի. նախարար
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում կրթության որակի ապահովման ժամանակակից մեխանիզմների ստեղծումը կենսական նշանակություն ունի, չորեքշաբթի ասաց Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը «Մասնագիտական կրթության որակի ապահովման առկա խնդիրները և զարգացման հեռանկարները ՀՀ-ում» խորագրով երկօրյա համաժողովի ընթացքում։
Համաժողովը բացվել է Երևանում սեպտեմբերի 22-ին։ Կազմակերպիչն է «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամը (ՈԱԱԿ)։
«Հայաստանին կրթության որակն ապահովող հայկական մոդել է անհրաժեշտ, միաժամանակ ես չեմ խոսում բոլորովին նոր մոդելի մասին։ Անհրաժեշտ է այդ հարցի շուրջ տարբեր տեսակետներ լսել և գումարել դրան միջազգային փորձը»,- ասաց Աշոտյանը։
Նախարարի կարծիքով, անհրաժեշտ է արագ ավարտել այդ մեխանիզմների ստեղծման գործընթացի տեսական փուլը և այնուհետև անցնել կոնկրետ քայլերի։ -0-