ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստան տեղափոխվելու համար նախապատրաստվում են սերմացու ցորենով վագոնները, հայտնեց ՌԴ-ում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանը, տեղեկացնում է դեսպանության մամուլի ծառայությունը։
«Տեղափոխմանը պատրաստ լինելուց հետո անհրաժեշտություն կառաջանա այդ վագոններն առավելագույնս արագ հասցնել վրացական Փոթի նավահանգիստը՝ հանրապետություն տեղափոխելու նպատակով»,- ասել է Եսայանը Կովկասի նավահանգստից դեպի Փոթի լաստանավային բեռնափոխադրումներ իրականացնող «Բլեքսիա Ֆերրի և ներդրումներ» ընկերության գլխավոր տնօրեն Հակիմ Մատչանովի հետ հանդիպման ընթացքում:
Դեսպանը նկատեց, որ Հայաստանը հատուկ ուշադրություն է դարձնում լաստանավային փոխադրման գործունեությանը և դրա անխափան աշխատանքին, քանի որ այն երկրի տնտեսական գլխավոր զարկերակներից մեկն է։
Մատչանովն իր հերթին պատմել է ընկերության գործունեության, ինչպես ՌԴ-ից Հայաստան, այնպես էլ հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումների հետ կապված առկա որոշ դժվարությունների մասին։
Նա նշել է, որ իր ընկերությունը մշակել և արդեն վաղուց գործնականում կիրառում է առանձին արտոնյալ սակագնային ծրագիր հայ բիզնես-գործընկերների համար, ովքեր Հայաստանից ապրանքի արտահանմամբ են զբաղվում։ Այդ ծրագիրն ուղղված է հանրապետությունում արտադրության խթանմանը։
Մատչանովը նաև իր պատրաստակամությունն է հայտնել Հայաստանին ցորենի մատակարարման գործում օպերատիվ աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ։
Զրույցի ընթացքում քննարկվել են նաև ինչպես ընկերության գործունեության, այնպես էլ սևծովյան տարածաշրջանում լաստանավային բեռնափոխադրումների հետ կապված որոշ հարցեր։
Հայաստանը 15 օրվա ընթացքում էլիտար ցորենի սերմերի առաջին խմբաքանակը կստանա Ռուսաստանից։ Ընդհանուր առմամբ, որպես մարդասիրական օգնություն Ռուսաստանը Հայաստանին մոտ 1000 տոննա ցորենի սերմ կուղարկի։
Ստավրոպոլում Հայաստանի գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչը հայտնել է, որ ութ վագոններ արդեն նավահանգիստ են ուղղվել։
Հայաստանում տարեկան օգտագործվում է 650-720 հազար տոննա հացահատիկ, որից 435-450 հազար տոննան՝ միայն պարենային նպատակով։ Սեփական արտադրությունը կազմում է 168-175 հազար տոննա, իսկ պակասը լրացվում է ներկրման հաշվին, որի ծավալը վերջին հինգ տարիների ընթացքում կազմել է 380-420 հազար տոննա։ -0-