Բաքվի կողմից տարբեր ատյաններում առաջադրված միակողմանի փաստաթղթերը չեն ազդի ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների վրա, «Ազգ» թերթին տված հարցազրույցում ասել է ՀՀ ԱԳ փոխնախարար Արման Կիրակոսյանը:
Ադրբեջանը նախորդ շաբաթ որոշում է ընդունել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նախատեսված քննարկումից և քվեարկությունից հանել Ղարաբաղի մասին բանաձևի նախագիծը, որը Երևանում հակահայկական են համարում: Փորձագետները կարծում են, որ այդ քայլը հայկական դիվանագիտության ակտիվ աշխատանքի և համաշխարհային հանրության, մասնավորապես ղարաբաղյան հակամարտության կարգավորման ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) բացասական արձագանքի արդյունքն է:
«Ինչպես բազմիցս նշվել է, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևերը խորհրդատվական բնույթ են կրում: Ավելին, մի բանաձև, որը ՄԱԿ-ի անդամ երկրների գերազանցող մեծամասնության աջակցությունը չի վայելում, չի կարող որեւէ ազդեցություն ունենալ, առավել ևս` լծակ լինել», - ասել է Կիրակոսյանը:
Նրա խոսքերով՝ Հայաստանը մշտապես շեշտել է, որ զանազան միակողմանի փաստաթղթերի առաջադրումը տարբեր ատյաններում, և ՄԱԿ-ը բացառություն չէ, որտեղ հաշվի չեն առնվում Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքըև ազատ սեփական կյանքը տնօրինելու ցանկությունը, միայն բացասաբար է անդրադառնում բանակցային գործընթացի վրա` ստեղծելով անհարկի խոչընդոտներ ու ձգձգումներ:
«Դրա մասին է խոսում նաեւ անցյալի փորձը: Այս տեսակետից ևս որևէ նման թերարժեք փաստաթուղթ չի կարող դառնալ ճնշման լծակ ոչ Հայաստանի, ոչ ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային գործընթացի, ոչ էլ Լեռնային Ղարաբաղի վրա», - հայտարարել է փոխնախարարը:
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-