Յանուկովիչը պաշտոնական այցով Սարգսյանին Ուկրաինա է հրավիրել

16.09.2010, 18:21
Յանուկովիչը պաշտոնական այցով Սարգսյանին Ուկրաինա է հրավիրել

 Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով Ուկրաինա է հրավիրել, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն՝ նախագահ Յանուկովիչի՝ Ուկրաինա պաշտոնական այց կատարելու հրավերը հինգշաբթի նախագահ Սարգսյանին է փոխանցել Հայաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Բոժկոն, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում:

Հանդիպման ժամանակ հանրապետության ղեկավարը շնորհակալություն է հայտնել դեսպանին`Հայաստանի և Ուկրաինայի միջև հարաբերությունների խորացման և տարբեր ոլորտներում փոխգործակցության զարգացմանն ուղղված անձնական ներդրման համար` ընդգծելով Բոժկոյի դերը և ակտիվ գործունեությունը ոչ միայն որպես դեսպան, այլ նաև որպես հայագետ և հայ ժողովրդի մեծ բարեկամ:

Սարգսյանը հաջողություն է մաղթել Բոժկոյին հետագա գործունեության մեջ և վստահություն հայտնել, որ նա կշարունակի մնալ Հայաստանի և հայ ժողովրդի լավ բարեկամը` իր գործունեությամբ նպաստելով երկու երկրների և ժողովուրդների միջև հարաբերությունների առավել սերտացմանը:

Բոժկոն իր հերթին ուրախությամբ է արձանագրել, որ Հայաստանի և Ուկրաինայի միջև մի շարք ոլորտներում`տնտեսական, մշակութային, նաև ապակենտրոնացված համագործակցության, նոր լիցք և զարգացման աշխույժ դինամիկա է նկատվում, ինչը հնարավորություն կընձեռի մոտ ապագայում որակապես նոր աստիճանի հասցնել երկկողմ հարաբերությունները: -0-