Երևանը կարևորում է Թեհրանի հավասարակշռված դիրքորոշումը ղարաբաղյան խնդրում
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը նախօրեին իր իրանցի գործընկեր Մանուչեր Մոթաքիի հետ հանդիպման ընթացքում կարևորել է ղարաբաղյան խնդրում Թեհրանի հավասարակշռված և կառուցողական դիրքորոշումը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Մանուչեր Մոթաքիի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է արցախյան հիմնահարցի կարգավորման բանակցությունների ընթացքը:
Միաժամանակ Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը միշտ հանդես է եկել տարածաշրջանում տևական խաղաղության և կայունության ամրապնդման, խնդիրների բացառապես խաղաղ ճանապարհով` բանակցությունների և երկխոսության միջոցով լուծման օգտին:
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-