Հայաստանը մտադիր է ամրապնդել ՆԱՏՕ-ի հետ փոխշահավետ համագործակցությունը. ԱԳՆ

14.09.2010, 18:47
Հայաստանը մտադիր է ամրապնդել ՆԱՏՕ-ի հետ փոխշահավետ համագործակցությունը. ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը կարևորում է ՆԱՏՕ-ի հետ ձևավորված փոխշահավետ համագործակցությունը և մտադիր է ամրապնդել այն, երեքշաբթի Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի Դաշինքի գլխավոր քարտուղար Ռոբերտ Սիմոնսի հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, հաղորդում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Ըստ Նալբանդյանի՝ համագործակցության շրջանակներում հատուկ ուշադրություն կդարձվի Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) իրագործմանը։

«Հայաստանը շարունակելու է համագործակցությունը ՆԱՏՕ-ի Եվրատլանտյան համագործակցության խորհրդի շրջանակներում, ինչպես նաև` խաղաղապահության, միջազգային ահաբեկչության դեմ պայքարի, տարերային աղետների հետևանքների վերացման և այլ ուղղություններով»,- նշեց Նալբանդյանը։

Իր հերթին Ռոբերտ Սիմոնսը, կարևորելով Հայաստանի հետ համագործակցության զարգացումը, ասաց, որ Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպությունը բարձր է գնահատում Հայաստանի հետ գործընկերությունը և հույս հայտնեց, որ Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը լավ հնարավորություն է ընձեռում պատշաճ մակարդակի վրա պահելու համագործակցությունը:

Զրուցակիցներն անդրադարձան այս օրերին Հայաստանում ընթացող տարերային աղետների հետևանքների վերացման միջազգային ուսումնական վարժանքներին` որպես Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև արդյունավետ համագործակցության լավ օրինակ: -0-