Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) բանաձևի տարբերակ է առաջարկել, որն, ըստ ՀԱԿ-ի, հայկական իշխանությունները պետք է ՄԱԿ-ի Գերագույն Վեհաժողովին ներկայացնեն հակառակ ադրբեջանական բանաձևի, երեքշաբթի մամուլի ասուլիսում հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը։
Ադրբեջանը նախորդ հինգշաբթի հանել է քվեարկությունից «Ադրբեջանի օկուպացված տարածքներում իրավիճակը» բանաձևի նախագիծը՝ խնդրելով այն տեղափոխել 65-րդ նստաշրջանի օրակարգ: Երևանում բանաձևը հակահայկական են համարում։
«Ադրբեջանն ընդամենը հետաձգել է բանաձևի քննարկումը։ Հայաստանի իշխանությունները որևէ համարժեք պատասխան քայլ չեն ձեռնարկել։ Եթե պատասխան բանաձև չլինի, աշխարհը ծանոթ կլինի միայն ադրբեջանական տեսակետին»,- ընդգծեց Զուրաբյանը։
«Բանաձևի մեր տարբերակում մենք հղում ենք անում միջազգային կարևորագույն կոնվենցիաների և փաստաթղթերի, որոնք հաստատում են, որ Հայաստանը չի բռնազավթել ադրբեջանական տարածքները։ Բացի այդ, մենք հիշեցնում ենք հակամարտության առաջացման ակունքները, ինչպես նաև հաստատում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի կարևորագույն դերը հակամարտության կարգավորման գործում և մտահոգություն ենք հայտնում հրադադարի ռեժիմի խախտումների հաճախակի դարձած դեպքերի կապակցությամբ»,- նշեց նա։
Զուրաբյանը հավելեց, որ Ադրբեջանի նպատակը ոչ թե բանաձևի հաջողությունն է, այլ նրա օգտագործումը հայկական կողմի և ԵԱՀԿ-ի վրա ճնշում գործադրելու նպատակով։
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-