Ղարաբաղում հրադադարի ռեժիմի հաճախակի դարձած խախտումները կապված են Ադրբեջանի առաջիկա ընտրությունների հետ. հայ փորձագետ

11.09.2010, 15:01
Ղարաբաղում հրադադարի ռեժիմի հաճախակի դարձած խախտումները կապված են Ադրբեջանի առաջիկա ընտրությունների հետ. հայ փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ղարաբաղում հրադադարի ռեժիմի հաճախակի դարձած խախտումները կապված են Ադրբեջանի առաջիկա խորհրդարանական ընտրությունների հետ, կարծում է Կովկասի Ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։

«Եթե հետևենք, թե ինչպես է ընտրություններից առաջ փոխվում իրավիճակը սահմանին, ապա կարելի է տեսնել, որ միշտ է այդպես լինում»,- ասաց Իսկանդարյանը։

Բացի այդ, ըստ նրա, Ադրբեջանի բառային շանտաժի մակարդակը բարձրակետին է հասել, և պետք էին նմանատիպ գործողություններ։ 

Քաղաքագետի կարծիքով՝ ադրբեջանական ուժերի հաճախակի դարձած դիվերսիաները սահմանին ղարաբաղյան բանակում իրավիճակը «շոշափելն» է։

«Դրանից հետո ակնհայտ է դարձել, ինչպիսին է ուժերի հարաբերակցությունը ԼՂՀ և Ադրբեջանի զինված ուժերում»,- հավելեց Իսկանդարյանը։

Վերջին երեք ամիսների ընթացքում Ադրբեջանը երեք դիվերսիոն ակցիա է իրականացրել Ղարաբաղի հետ շփման գծում, որոնք մարդկային զոհերի են հանգեցրել։ Օգոստոսի 13-ի և սեպտեմբերի 4-ի ադրբեջանական դիվերսիաները ձախողվել են։ Ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբերը նահանջել են՝ ընդհանուր առմամբ կորցնելով չորս մարդու։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-