«Հայաստան» համահայկական հիմնադրամը տեղական մարմիններ է հիմնել Ուրուգվայում և Արգենտինայում

09.09.2010, 13:08
«Հայաստան» համահայկական հիմնադրամը տեղական մարմիններ է հիմնել Ուրուգվայում և Արգենտինայում

«Հայաստան» համահայկական հիմնադրամը իր գործունեության աշխարհագրության ընդլայնման քաղաքականության շրջանակներում երկու տեղական մարմիններ է հիմնել Ուրուգվայում և Արգենտինայում, հաղորդում է հիմնադրամի մամուլի ծառայությունը:

Հիմնադրամի տեղական մարմիններից մեկը ստեղծվել է Արգենտինայի Կորդոբա քաղաքում, որը երկրորդ խոշոր հայ համայնքը, ուր բնակվում է շուրջ 10 հազար հայ: Բուենոս Այրեսում, ուր հիմնականում կենտրոնացած է շուրջ 70 հազար արգենտինահայերի ճնշող մեծամասնությունը, 1992 թվականից գործում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի տեղական մարմինը:

Այսպիսով, Արգենտինան դարձավ երրորդ երկիրը` ԱՄՆ-ից և Կանադայից հետո, ուր Հիմնադրամն ունի երկուական տեղական մարմին:

Ութամյա դադարից հետո Ուրուգվայում ` Մոնտևիդեոյում, վերաբացվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի տեղական մարմինը: «Սա ուրուգվայահայերի համեմատաբար փոքր համայնքին հնարավորություն կընձեռի այսուհետ առավել համակարգված շարունակել հայրենիքին աջակցելու իրենց նվիրական գործը», - նշվում է տեղեկատվության մեջ:

Ներկայում «Հայաստան» համահայկական հիմնադրամն աշխարհին ներկայանում է 17 երկրում գործող իր 20 տեղական մարմիններով:

Նոր տեղական մարմինների կայացմանը նպաստելու և տեղի հայ համայնքների հետ հանդիպումներ ունենալու նպատակով «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչության ներկայացուցիչ` միջազգային հարաբերությունների և ծրագրերի պատասխանատու Հրաչ Հովհաննիսյանը պաշտոնական այցով մեկնել էր Բրազիլիա, Արգենտինա և Ուրուգվայ:

Բրազիլիա կատարած այցի շրջանակներում Հիմնադրամի հոգաբարձու Տիրուհի Բուրմայանը Սան-Պաբլոյում կազմակերպել  էր բարեգործական ճաշկերույթ, որի ընթացքում հանգանակված գումարները կուղղվեն Երևանի Նորք-Մարաշ հիվանդանոցի բարեկարգմանը:

Մինչ Հիմնադրամի ստեղծումը, 1988 թ.-ի երկրաշարժից հետո, Բրազիլիայում ստեղծվել էր «Երկրաշարժի կոմիտե», որի հիման վրա հետագայում ձևավորվեց Հիմնադրամի տեղական մարմինը:

Բրազիլիահայությունն առաջիններից էր, որ  իր մասնակցությունը բերեց Գորիս-Ստեփանակերտ մայրուղու կառուցմանը:

Ներկայում տեղական մարմինը ֆինանսավորում է ծավալուն առողջապահական և հումանիտար ծրագրեր:

«Հայաստան» համահայկական հիմնադրամը ստեղծվել է 1992 թ.-ին՝  ՀՀ նախագահի հրամանով։ Գործունեության 15 տարիների ընթացքում հիմնադրամն իրագործել է Հայաստանի և ԼՂՀ զարգացմանն ուղղված 165 միլիոն դոլարի ծրագրեր։

Հիմնադրամի գործունեությունն ուղղված է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ենթակառուցվածքների զարգացմանը և բարեգործության խթանմանը։ Հիմնադրամի միջոցներով երկրում կառուցվել է ավելի քան 463,8 կմ երկարությամբ ճանապարհ, 211,8 կմ երկարությամբ ջրատար, 97 դպրոց, 410 բնակելի տուն, 34 բուժհաստատություն:-0-