Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը ՀՀ մշակույթի նախարարության հետ համատեղ երգի երեկո կկազմակերպի`նվիրված անվանի բանաստեղծ և հասարակական գործիչ Վահան Տերյանի 120-ամյակին, երեքշաբթի լրագրողների ասաց Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը:
«Համերգի շրջանակներում կկատարվեն Տերյանի բանաստեղծությունների հիման վրա գրված երգերը, մասնավորապես՝ առաջին անգամ կհնչի պոետի վերջին ստեղծագործության խոսքերի հիման վրա կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի կողմից գրված նոր երգը», - ասաց Հարությունյանը:
Նա տեղեկացրեց, որ ՀՀՀ-ն նոր եթերաշրջանում մտադիր է հեռուստադիտողին ներկայացնել մի շարք վավերագրական ֆիլմեր:
«Առաջին ֆիլմերը կցուցադրվեն արդեն սեպտեմբերի 26-ից հետո մինչև հաջորդ տարվա ամառ», - ասաց նա:
Հարությունյանը պարզաբանեց, որ վավերագրական ֆիլմերը պատմում են Արևմտյան Հայաստանի պատմական տարբեր ժամանակահատվածների, Առաջին Հանրապետության (1918-1920թթ), Ջավախքի, ինչպես նաև պատմական դեմքերի մասին:-0-