ԱՄՆ կոնգրեսականները դատապարտել են Ղարաբաղի դեմ կազմակերպված ադրբեջանական դիվերսիան

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանին աջակցող խմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնեն (Frank Pallone) և Մարկ Քիրքը (Mark Kirk) դատապարտել են մի քանի օր առաջ Ղարաբաղի դեմ կազմակերպված ադրբեջանական դիվերսիան և կրկին կոչ են արել պաշտոպանես ճանաչել ԼՂՀ անկախությունը:
Օգոստոսի 31-ին Ադրբեջանը փորձել է դիվերսիոն ակցիա իրականացնել ԼՂՀ հյուսիս-արևելքում՝ Վերին Չայլու գյուղի մոտակայքում: Սակայն ղարաբաղյան բանակի առաջնային դիրքերի զինծառայողները ժամանակին նկատել են թշնամու հատուկ նշանակության ջոկատի մարտիկների տեղաշարժը և անհապաղ համապատասխան գործողություններ ձեռնարկել՝ պատճառելով հակառակորդին կորուստեր և հետ շպրտելով նրան դեպի ելակետ: Ղարաբաղյան կողմից մեկ զինծառայող է վիրավորվել:
«Չի կարելի թույլ տալ, որ Ադրբեջանի կողմից կազմակերպված նման ռազմական սադրանքները կրկնվեն», - ասել է Փալոնեն իր հայտարարության մեջ, որի տեքստն ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանն է տրամադրել Ամերիկայի Հայ Ազգային Կոմիտեն (Armenian National Committee of America - ANCA):
Նա կրկին կոչ է արել սահմանափել Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան ռազմական օգնությունը: «Վերջերս Ադրբեջանի իրականացրած գործողությունները միայն հաստատում են այն, որ ԱՄՆ-ն չպետք է թույլ տա, որպեսզի իր ռեսուրսներն օգտագործվեն տարածաշրջանում ապակայանություն հրահրելու նպատակով», - նշել է կոնգրեսականը:
Կոնգրեսական Քիրքն իր հերթին ընդգծել է, որ ԱՄՆ-ն և միջազգային հանրությունը չպետք է անտեսեն տարածաշրջանում Ադրբեջանի աճող ագրեսիան:
«Քանի որ Ադրբեջանը կրկին սրում է լարվածությունը Ղարաբաղում, ես կոչ եմ անում պետքարտուղար Քլինթոնին աջակցել Ադրբեջանին ԱՄՆ ռազմական աջակցության գործում լրացուցիչ սահմանափակումներ մտցնելու հարցում», - նշել է նա:
ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանն (Aram Hamparian) իր հերթին հայտարարել է, որ ադրբեջանական գրոհները և Ղարաբաղի դեմ պատերազի սպառնալիքները չդատապարտելու՝ նախագահ Օբամայի վարչակազմի քաղաքականությունը միայն խրախուսում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ռեժիմին՝ կրկին խախտել հրադադարի ռեժիմը, ինչը սպառնալիքի տակ է դնում ղարաբաղյան հակամարտության կարգավորման խաղաղ բանակցությունները:
«Մենք ակնկալում ենք, որ Քլինթոնն ու ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադտկեն (Robert Bradtke) հանդես կգան կտրուկ հայտարարությամբ Ադրբեջանի և Ղարաբաղի շփման գծում վերջերս տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ և անհապաղ միջոցներ կձեռնարկեն, որպեսզի ամերիկյան ռազմական օգնությունը չօգտագործվի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ», - ասել է Համբարյանը:
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-