Հայաստանի Հանրային հեռուստաընկերության թղթակիցը ՄՊՀ-ի մագիստրոսական նոր դասընթացի ունկնդիր է դարձել

31.08.2010, 14:16
Հայաստանի Հանրային հեռուստաընկերության թղթակիցը ՄՊՀ-ի մագիստրոսական նոր դասընթացի ունկնդիր է դարձել

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի Հանրային հեռուստաընկերության թղթակից Աշոտ Մնացականյանը Մ.Վ.Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում բացված «Թվային մեդիա և միջմշակութային հաղորդակցություն» մագիստրոսական նոր դասընթացի ունկնդիր է դարձել, տեղեկացնում է ԱՊՀ մասնակից պետությունների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի (ՄՀՄՀ) մամուլի ծառայությունը։

Նոր դասընթացը, որի ունկնդիրներ են դարձել 12 հոգի ԱՊՀ, Բալթյան երկրներից, ինչպես նաև Վրաստանից, կազմակերպվել է Լոմոնոսովի անվան ՄՊՀ-ի ժուռնալիստիկայի ֆակուլտետի, Լրագրողական միությունների միջազգային համադաշնության (ԼՄՄՀ) կողմից՝ ՄՀՄՀ աջակցությամբ։

Կազմակերպիչները կարծում են, որ նոր դասընթացները թույլ կտան ունկնդիրներին բարձրացնել իրենց մասնագիական վարպետությունը, քանի որ առաջին անգամ ստեղծվել և մշակվել է նոր ձևաչափի լրագրողներ պատրաստող և հետխորհրդային ողջ տարածքի ավանդական և ժամանակակից լրագրությունը միավորող բացառիկ ծրագիր։

Ինչպես նախօրեին ասաց այդ ծրագրի ստեղծման նախաձեռնող ԼՄՄՀ գլխավոր քարտուղար, Ռուսաստանի լրագրողների միության քարտուղար Աշոտ Ջազոյանը, նոր դասընթացի բացումը ոչ թե միանգամյա մարդասիրական ակցիա է, այլ անցում մարդասիրական նոր տարածության։ «Եվ փաստորեն, դա մեդիայի նոր պրոֆեսիոնալների զրույցն է վաղվա օրվա մասին»,- ավելացրեց նա։ 

Լոմոնոսովի անվան ՄՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Ելենա Վարտանովայի կարծիքով, դասընթացների գլխավոր խնդիրը մշակութային երկխոսության ստեղծումն է։ «Անհրաժեշտ է հնարավորություն ընձեռել թվային նոր պայմաններում ստեղծելու լսարանի պահանջարկն ունեցող արտադրանք»,- ասաց նա։

«Հույս ունեմ, որ մագիստրոսական դասընթացի մասնակցությունը թույլ կտա ձեզ բարձրացնել ձեր մասնագիտական վարպետությունը, ինչպես նաև գտնել քաղաքակիրթ շփման արդիական ձևեր, որոնք ներկայում չեն բավարարում մեր երկրների ժողովուրդներին»,- դասընթացի ունկնդիրների հետ հանդիպման ընթացքում նշեց ՄՀՄՀ գործադիր տնօրեն Արմեն Սմբատյանը։ -0-