Երևանը բարձր է գնահատում IFC –ի ներգրավվածությունը Հայաստանում իրականացվող ներդրումային ծրագրերում

27.08.2010, 13:46
Երևանը բարձր է գնահատում IFC –ի ներգրավվածությունը Հայաստանում իրականացվող ներդրումային ծրագրերում

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) գործադիր փոխնախագահ և գլխավոր տնօրեն Լարս Թանելի (Lars Thunell) հետ հանդիպման ժամանակ բարձր է գնահատել Միջազգային ֆինանսական կորպորացիայի ներգրավվածությունը Հայաստանում իրականացվող ներդրումային ծրագրերում, հինգշաբթի հաղորդել է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը:

«Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացմանն ուղղված նախագծերի իրականացման հնարավորությունները, մասնավորապես` էներգետիկայի, հանքարդյունաբերության, գյուղատնտեսության արժեթղթերի շուկայի ձևավորման ոլորտներում», - նշվում է տեղեկատվության մեջ:

Կառավարության ղեկավարը տեղեկացրել է, որ Հայաստանը գտնվում է ինստիտուցիոնալ բարեփոխումների փուլում։ Այդ համատեքստում կարևորվել է կենսաթոշակային բարեփոխումների իրականացումը:

Զրուցակիցները կարևորել են համագործակցության զարգացումն ու ընդլայնումը, ինչպես նաև IFC -ի պատրաստակամությունը` հետագայում մասնակցելու ներդրումային ծրագրերին։

Հայաստանը 1995 թ.-ին դարձել է Համաշխարհային բանկի խմբի կազմի մեջ մտնող IFC անդամ: 2010 թ.-ի հունիսի 30-ի դրությամբ Հայաստանում IFC-ի ներդրումների տարեկան ծավալն ավելացել է և հասել ռեկորդային մակարդակի՝ 35,5 միլիոն դոլար: Մինչ օրս IFC-ին 18 ծրագրերի շրջանակներում 87 միլիոն դոլարի միջոցներ է ներդրել Հայաստանի տնտեսության տարբեր հատվածներում:-0-