Հայ-ռուսական պայմանավորվածությունները բացասաբար չեն ազդի Եվրամիության և Հայաստանի հարաբերությունների վրա. պատգամավոր

25.08.2010, 13:50
Հայ-ռուսական պայմանավորվածությունները բացասաբար չեն ազդի Եվրամիության և Հայաստանի հարաբերությունների վրա. պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Հայ-ռուսական պայմանավորվածությունները և Հայաստանում ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետի երկարացումը բացասաբար չեն ազդի Եվրամիության և Հայաստանի հարաբերությունների վրա, կարծում է Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

Օգոստոսի 20-ին Ռուսաստանն ու Հայաստանը արձանագրություն են ստորագրվել Գյումրիի ռուսական ռազմակայանի մասին 1995թ.-ին ստորագրված երկկողմ պայմանագրի մեջ փոփոխություններ կատարելու մասին, որոնք վերաբերում են փաստաթղթի գործողության ժամկետի երկարացմանը: 1995թ.-ին ստորագրված պայմանագրի գործողության ժամկետը 25 տարի էր, այժմ փաստաթուղթը գործելու է 49 տարի:

«Չեմ կարծում, որ ԵՄ-ն կառույց է, որն օր ու գիշեր Հայաստանի մասին է մտածում: Բացի այդ, ԵՄ-ի հետ հարաբերությունները կառուցվում են հատուկ ծրագրերի հիման վրա: Հայ-ռուսական պայմանագրերը ԵՄ-ի համար կարող են միայն քննարկման առարկա դառնալ», - չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Սահակյանը:

Խորհրդարանականի կարծիքով՝ հայ-ռուսական պայմանագրերի ստորագրումից հետո տարածաշրջանում ԵՄ հատուկ ծրագրերն էլ ավելի կակտիվացվեն, քանի որ իրագործման իրական երաշխիքներ կստանան:-0-