Երկու օրում ավելի քան 5000 մարդ է այցելել Պատվո բլուր. մարդիկ թարմ ծաղիկներ են բերում

23.08.2010, 13:40
Երկու օրում ավելի քան 5000 մարդ է այցելել Պատվո բլուր. մարդիկ թարմ ծաղիկներ են բերում
Երկու օրում ավելի քան 5000 մարդ է այցելել Պատվո բլուր. մարդիկ թարմ ծաղիկներ են բերում

Գյումրիում գտնվող «Պատվո բլուր» ռուսական զինվորական գերեզմանոցն ավելի քան 5000 այցելու է ունեցել բլրի հանդիսավոր բացումից հետո երկու օրվա ընթացքում,  հաղորդում է «Պատվի գործ» ռուս-հայկական բարեգործական կազմակերպության մամուլի կենտրոնը: Բլրի վրա մեծ քանակությամբ թարմ ծաղիկներ են դրված:

Պատվո բլուրը բացվել է օգոստոսի 20-ին Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Դմիտրի Մեդվեդևի կողմից:

«Օգոստոսի 21-ին և 22-ին վերաստեղծված հուշահամալիրն այցելող գյումրեցիները չէին թաքցնում իրենց զարմանքը՝ շատ կարճ ժամանակահատվածում իրականացրած աշխատանքը տեսնելով: Ամենամեծ հիացմունքն արտահայտում էին Գյումրիի Մուշ-2 թաղամասի նորաբնակները, ովքեր խարխլված մանկական առողջարանի նախկին բնակիչներն էին: Առողջարանը կառուցել էին տեղի իշխանությունները նախորդ դարի կեսերին ռուսական գերեզմանոցի ամենակենտրոնում՝ ավերելով XIX դարի ռուս-թուրքական պատերազմների ընթացքում զոհված ռուս սպաների և զինվորական բժիշկների հազարավոր գերեզմանաքարեր», - նշվում է տեղեկատվության մեջ:

«Պատվո բլուրը» զինվորական գերեզմանոց է՝ հիմնված 1856 թ.-ին որպես հուշարձան Կովկասյան կորպուսի գլխավոր հրամանատար, գեներալ Նիկոլայ Մուրավյովի կարգադրությամբ: Առաջին հուղարկավորությունը վերագրվում է 1856 թ.-ին: Այն ժամանակ հենց դրա կողքին կառուցվել է ռուսական ուղղափառ մատուռ՝ որպես զոհվածների հրաժեշտի վայր, որը օծվել է 1886 թ.-ին: 1920 թ.-ին խորհրդային իշխանության հաստատումից հետո մատուռը փակվել է, իսկ 1980-ականներին մատուռը ռուս-հայկական բարեկամության թանգարան է եղել:

Մատուռը տուժել է 1988 թ.-ի ավերիչ երկրաշարժի հետևանքով, և թանգարանը դադարել է գործել: Այժմ այն Նիկոլայ Լուսավորիչ Հրաշագործի ժամատուն-մատուռն է, որը վերանորոգվել է Պատվո բլրի վերաստեղծման շրջանակներում:

Հուշահամալիրի վերականգնման ընթացքում տեղադրվել է քանդակագործ Բորիս Միկեշինի 13 մետրանոց կոթողի պատճենը, որը նվիրված է 1828, 1855 և 1877 թթ.-ին Կարսի բերդի գրավման ժամանակ զոհված ռուս սպաների հիշատակին: Հուշարձանը տեղադրվել է 1910 թ.-ին Կարսում, իսկ 1918 թ.-ին՝ Կարսը Թուրքիային հանձնելուց հետո, հուշարձանն ոչնչացվել է թուրքերի կողմից: Քանդակագործ Յուրի Մինասյանի կողմից վերաստեղված կոթողը տեղադրվել է 2010 թ.-ի մարտի 31-ին:

«Պատվո Բլուր» հուշահամալիրի վերականգնման գաղափարի հեղինակը ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն է, գաղափարին աջակցում են երկու երկրների ղեկավարները: Նախագիծն իրականացվում է ՌԴ Ուլյանովսկի մարզի աջակցությամբ:

 Վերականգնմանն աշխատանքները համակարգելու նպատակով 2009 թ.-ի հոկտեմբերին ստեղծվել է աշխատանքային խումբ՝ հասարակական գործիչ, Համահայկական միջազգային երիտասարդական կենտրոնի նախագահ Անդրանիկ Նիկողոսյանի ղեկավարությամբ:

Կազմակերպչական հարցերի լուծման նպատակով նոյեմբերի սկզբին հիմնվել է «Պատվի գործ» ռուս-հայկական բարեգործական կազմակերպությունը, որի համանախագահներն են Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովը և «Պատվո Բլրի» վերականգնման հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Նիկողոսյանը:-0-

Հուշահամալիրը վերականգնվել է Ուլյանովսկում բնակվող ճարտարապետ Օլեգ Վլադիմիրովի նախագծով:

«Գյումրիի «Պատվո բլուրը» և ձեր երկրում գտնվող այլ հուշարձաններ վկայում են ռուս ուղղափառ եղբայրներին հայ ժողովրդի երախտագիտության մասին», - հայտարարել է Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը, ով 2010 թ.-ի մարտի 16-18-ը գտնվում էր Հայաստանում:

Վերաստեղծված հուշահամալիրի բացման կապակցությամբ հայկական փոստը շրջանառության մեջ է դրել «Պատվո բլուր» փոստային նամականիշն ու գեղաթերթիկը:-0-