Մեդվեդևը շնորհակալություն է հայտնել Սարգսյանին հրդեհների մարման գործում օգնություն ցուցաբերելու համար

20.08.2010, 15:11
Մեդվեդևը շնորհակալություն է հայտնել Սարգսյանին հրդեհների մարման գործում օգնություն ցուցաբերելու համար

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և Ռուսաստանի տարածքում հրդեհների մարմանը մասնակցած բոլոր փրկարարներին ու հրշեջներին:

«Իմ պարտքն է շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր մեզ օգնել են, և գտնվելով այստեղ՝ Հայաստանում, կցանկանայի անկեղծորեն շնորհակալություն հայտնել մեր հայ ընկերներին», - ուրբաթ ասաց նա Երևանում իր հայ գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

Մեդվեդևը նշեց, որ չկա մի իրավիճակ, երբ նույնիսկ Ռուսաստանի նման հզոր և մեծ պետությունը կարողանա միայնակ լուծել բոլոր հարցերը:

«Եվ այն, որ ՀՀ նախագահը զանգահարեց ինձ և առաջարկեց իր հնարավորությունները և այն, որ այդ հնարավորությունները օգտագործվեցին մի շարք հրդեհների, այդ թվում նաև ռազմավարական օբյեկտների մոտակայքում գտնվող բավականին վտանգավոր հրդեհների մարման ժամանակ, ցուցադրում են մեր փոխգործակցության մակարդակը: Դրանք, իսկապես, ռազմավարական և դաշնակցային հարաբերություններ են», - ընդգծել է նա:

ՌԴ նախագահը նշեց, որ աննախադեպ եղանակային անոմալիայի պայմաններում հաջողվեց լուծել այդ շատ ծանր խնդիրը:

«Ես ստորագրեցի ավելի վաղ ընդունված փաստաթղթում փոփոխություններ մտցնելու մասին հրամանագիրը, որը, մասնավորապես, վերաբերում է մի շարք շրջաններում արտակարգ իրավիճակի ռեժիմը չեղյալ հայտարարելուն: Միայն մեկ շրջան է մնում, որտեղ մենք պահպանում ենք այդ ռեժիմը, սակայն դա, ընդհանուր առմամբ, արվում է վերահսկողության համար», - պարզաբանել է նա:

Նշելով, որ իրավիճակը վերահսկողության տակ է և գրեթե կարգավորված՝ Մեդվեդևը համոզմունք հայտնեց, որ առաջիկայում այն ամբողջովին կկարգավորվի:

«Միաժամանակ հարկավոր է լուրջ դասեր քաղել կատարավածից», - եզրափակեց:-0-