Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Ամենայն Հայոց Կաթողիկոսության և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության կանոնական հանձնախմբի ժողովը

20.08.2010, 13:25
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Ամենայն Հայոց Կաթողիկոսության և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության կանոնական հանձնախմբի ժողովը

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի օրհնությամբ և բարձր տնօրինությամբ կանոնական հանձնախումբը օգոստոսի 18-19-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարեց իր հերթական ժողովը, հաղորդում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը:

 

«2005 թ.-ի ստեղծված համատեղ հանձնախմբի նպատակն է իր աշխատանքով նպաստել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու սրբազան առաքելության առավել ծաղկմանը և ներքին միասնականության ամրապնդմանը, Հայ Եկեղեցու կյանքում առկա կանոնական խնդիրների քննությանն ու լուծումների առաջադրմանը», - նշվում է տեղեկատվության մեջ:

 

Կանոնական հանձնախմբի անդամներն են Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը (ատենապետ), Տ. Օշական արքեպիսկոպոս Չոլոյանը (ատենապետ), Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը (ատենադպիր), Տ. Նարեկ եպիսկոպոս Ալեմեզյանը (ատենադպիր), տիար Ջիմ Գալուստյանը, տիար Արսեն Դանիելյանը, տիար Նիկոլայ Հովհաննիսյանը, տիար Տիգրան Ջինբաշյանը:

 

Օգոստոս 18-ին, Վեհարանում ժողովի մասնակիցներին ընդունեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Նորին Սրբությունը, Հայրապետական իր օրհնությունը բերելով ժողովականներին, բարի արդյունավորում մաղթեց ժողովի աշխատանքներին: Հանդիպման ընթացքում Օշական Սրբազանը Վեհափառ Հայրապետին փոխանցեց Արամ Ա Վեհափառ Հայրապետի եղբայրական ողջույնները:

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը Հայ Առաքելական Եկեղեցու հիերարխիական գահերից մեկն է: Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի նստավայրը գտնվում է Լիբանանի Անթիլիաս քաղաքում:

Ժողովի ժամանակ ներկայացվել են մի շարք զեկույցներ, որոնք վերաբերում են Հայ Առաքելական Եկեղեցու կանոնական դրույթներին և աստվածաբանական խնդիրներին:

Ժողովի ավարտից հետո ելնելով ժողովի աշխատանքի ջերմ, կառուցողական մթնոլորտից և արդյունքներից՝ ժողովականները համոզում հայտնեցին, որ որդեգրած առաջադրանքների իրագործումը մեծապես պիտի նպաստի Հայ Եկեղեցու հզորացմանը և միասնականությանը:-0-