Հայ-ռուսական ռազմաքաղաքական համագործակցության խորացումը բխում է Հայաստանի պետական և ազգային շահերից, երեքշաբթի լրագրողներին ասաց Հայաստանի Հանրապետական կուսակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը։
Ըստ նրա, հայ-ռուսական ռազմական համագործակցությունը Հայաստանի ազգային անվտանգության բաղկացուցիչներից մեկն է։
ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի՝ Հայաստան պետական այցի շրջանակներում 102-րդ ռուսական ռազմաբազայի տեղակայման ժամկետը 25-ից մինչև 49 տարի երկարացնելու մասին նախանշվող պայմանագրի ստորագրման մասին խոսելիս՝ Շարմազանովն ասաց, որ դա կլուծի տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը պահպանելու խնդիրը։
«Բազայի գործունեության մեջ փոփոխություններ մտցնելուց հետո կներառվի ոչ միայն Հայաստանի սահմանի պաշտպանությունը, այլ նաև երկրի անվտանգության պաշտպանության մեխանիզմների իրականացումը։ Ղարաբաղյան հարցի ռազմական որոշումը կամ տարածաշրջանում ռազմական գործողությունները գործնականում կարելի է բացառել»,- պարզաբանեց նա։
Ռուսական ռազմաբազան տեղակայվել է 1995թ.-ից Գյումրի քաղաքի մոտակայքում՝ Կարմիր դրոշի շքանշանակիր Անդրկովկասյան ռազմական օկրուգի միավորումների հիման վրա միջպետական պայմանագրերի համաձայն։ 2005 թ.-ի դեկտեմբերին Հայաստանի և Ռուսաստանի միջև մի շարք երկկողմանի փաստաթղթերի ստորագրումից հետո հայտարարվեց Հայաստանում ռուսական ռազմաբազայի ընդլայնման մասին: Ըստ փաստաթղթերի՝ Հայաստանը 102-րդ բազային է փոխանցել մի շարք հողատարածքներ և անշարժ գույքի օբյեկտներ: Բազան ՌԴ Հյուսիսկովկասյան ռազմական օկրուգի Անդրկովկասյան ռուսական զորքախմբի ենթակայության տակ է գտնվում։
Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե որքանով է նպատակահարմար բազայի տեղակայման ժամկետի սպառվելուց շատ առաջ ժամկետը երկարաձգելը, խմբակցության քարտուղարը պարզաբանեց, որ Ադրբեջանի կողմից հնչող ռազմատենչ հայտարարությունների և ընթացիկ տարվա ընթացքում 0,5 մլրդ դոլարով նրա ռազմական բյուջեի մեծացման պայմաններում Հայաստանը պետք է հոգ տանի սեփական անվտանգության մասին։
«Պայմանագիրը նաև կարևոր է, որ բազան փոխի իր գործառույթները, 21-րդ դարին համապատասխան նոր ռազմական տեխնիկայով վերազինվի, ինչը գործնականորեն անխոցելի կդարձնի ՀՀ ազգային անվտանգությունը»,- ընդգծեց նա՝ ավելացնելով, որ դա ՀՀ քաղաքացիների համար խաղաղության երաշխիքներից մեկն է։
Շարմազանովն ընդգծեց, որ մոտ ապագայում հայ-ռուսական ռազմական համագործակցությանը ոչինչ չի սպառնում։
«Հակառակը, այդ համագործակցությունը պետք է խորացվի հանուն երկու պետությունների և առաջին հերթին՝ Հայաստանի բարօրության։ Առանց ազգային անվտանգության ուժեղ համակարգի այլ արժեքների մասին խոսելն ուտոպիա կլիներ»,- ասաց նա։ -0-