Երևանը գոհ է Շվեյցարիայի հետ հարաբերությունների զարգացումից. ԱԳՆ փոխնախարար

Հայաստանի ԱԳՆ փոխնախարար Կարինե Ղազինյանը հինգշաբթի Շվեյցարիայի դեսպան Լորենցո Ամբերգի հետ ունեցած հանդիպման ժամանակ գոհունակություն է հայտնել երկկողմ հարաբերությունների զարգացման առնչությամբ, հաղորդում է Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Հանդիպումը տեղի ունեցավ Հայաստանում Ամբերգի դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։
«Դրական գնահատական տալով հայ-շվեյցարական բարեկամական հարաբերությունների զարգացմանն ուղղված դեսպանի պաշտոնում Լորենցո Ամբերգի իրականացրած աշխատանքներին` փոխնախարար Կարինե Ղազինյանը գոհունակություն հայտնեց Հայաստանի և Շվեյցարիայի միջև հարաբերությունների ներկայիս զարգացման և երկկողմ քաղաքական երկխոսության կայուն համակարգի ձևավորման առնչությամբ»,- ասվում է հաղորդագրությունում:
Տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության հարաճուն զարգացման տեսանկյունից կողմերը արժևորեցին Հայաստանի և Շվեյցարիայի միջև ընդլայնվող իրավապայմանագրային դաշտի առկայությունը` պայմանավորված անցյալ տարի երկու կարևոր միջկառավարական փաստաթղթերի` օդային հաղորդակցությունների և դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջը վերացնելու մասին համաձայնագրերի ստորագրմամբ:
Զրուցակիցները ողջունեցին նաև 2009թ. սեպտեմբերից Հայաստանում գործող Շվեյցարիայի դեսպանության գրասենյակի գործունեությունը` որպես խթան առկա բարեկամական կապերն ամրապնդելու համար:
Ղազինյանն ու Ամբերգը նշեցին նաև առևտրատնտեսական համագործակցության ակտիվացման անհրաժեշտությանը, Հայաստանի սոցիալ-տնտեսական բարեփոխումներին ուղղված Զարգացման և համագործակցության շվեյցարական գործակալության (SDC) աջակցության ծրագրերին, ինչպես նաև կրթության, մշակույթի ոլորտներում գործակցության խթանմանն ուղղված քայլերին:
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին նաև տարածաշրջանային հարցերի շուրջ: -0-