Կատարողական արվեստի գործիչների համահայկական համաժողովն է անցկացվել Երևանում

29.07.2010, 13:09
Կատարողական արվեստի գործիչների համահայկական համաժողովն է անցկացվել  Երևանում
Կատարողական արվեստի գործիչների համահայկական համաժողովն է անցկացվել  Երևանում

«Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական մշակութային IV փառատոնի շրջանակներում կազմակերպվեց «Կատարողական արվեստի գործիչների համահայկական համաժողով», «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաղորդեցին Սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունից:

««Համաշխարհայնացման պայմաններում, երբ աշխարհը շատ արագ է փոփոխվում, փոքրանում, մենք պետք է մեր մշակույթով պահենք ու պաշտպանենք մեր ազգային ինքնությունը»,- իր խոսքում ասաց սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Նա նշեց, որ ինչպես հայոց բանակն է ապահովում Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, այնպես էլ մշակույթի նվիրյալները պետք է  ապահովեն մեր հոգևոր անվտանգությունը:

«Այս առումով, արվեստի գործիչները, ինչպես կրթության բնագավառի վաստակաշատ մեր հայրենակիցներն ազգի հերոսներ են, տիտաններ»,- հայտնեց նախարարը:

Նախարարն ընդգծեց մշակութային հիմնախնդիրների լուծման նպատակով միջոցառումների, գործողությունների ծրագիր ստեղծելու և այն հետևողականորեն իրագործելու անհրաժեշտությունը:

Նա, մասնավորապես, շեշտեց համայնքի ղեկավարների կողմից մշակութային ճիշտ քաղաքականություն իրականացնելու կարևորությունը, որի արդյունքում հայկական արմատներից հեռացած սփյուռքահայերը «կհայադարձվեն»:

«Մշակույթի միջոցով մենք կարող ենք շատերին հայացնել: Փորձենք համատեղ ուժերով զարգացնել Հայաստան-Սփյուռք գործակցությունը և ամրապնդել ու հզորացնել կապերը Հայրենիքի հետ», - ավելացրեց Հ.Հակոբյանը:

Նախարարն առաջարկեց այսուհետ կազմակերպել պարի, երգի, անհատական կատարողների մասնագիտական փառատոներ, նաև ստեղծել պարարվեստի գործիչների համակարգող խումբ, որը կուսումնասիրի և տեղեկություններ կհավաքի Սփյուռքի պարի խմբերի կարիքների վերաբերյալ:

Առաջին անգամ «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական փառատոնն  անցկացվել է 2004թ.-ին։ Փառատոնին, որն անցկացվում է երկու տարին մեկ անգամ, մասնակցվում են աշխարհի տարբեր երկրների արվեստի հայ գործիչներ, երաժիշտներ, թատերական կոլեկտիվներ և անսամբլներ։

Այս տարի փառատոնը մեկնարկել է ապրիլի 22-ին ցուցահանդեսի բացմամբ, որը նվիրված է Հայոց ցեղասպանության 95-ամյակին: -0-