Ոստիկանությունը փնտրում է հայկական խոշոր ընկերությանը պատկանող մեքենային նռնակ ամրացրած անձանց

28.07.2010, 15:38
Ոստիկանությունը փնտրում է հայկական խոշոր ընկերությանը պատկանող մեքենային նռնակ ամրացրած անձանց

Հայաստանի իրավապահ մարմինները փնտրում են Կապան քաղաքում Deno Gold Mining Company լեռնահանքային խոշոր ընկերության վարչական շենքի մոտ կայանված մեքենային նռնակ ամրացրած անձանց, տեղեկացնում է Ոստիկանության մամուլի ծառայությունը։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց Հայաստանի Ոստիկանապետի մամուլի քարտուղար Արմեն Մալխասյանը, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան, որի վրա նախօրեին հայտնաբերվել է նռնակը, պատկանում է տվյալ ընկերությանը։

Նռնակի հայտնաբերման մասին Կապանի ոստիկանության բաժին է հայտնել ընկերության աշխատակիցներից մեկը։ Ոստիկանության տեղեկատվության համաձայն` նռնակն ամրացվել է մեքենայի աջ հետևի անվադողի հարևանությամբ՝ սռնու վրա։  «Ֆ-1» նռնակը վնասազերծվել էր դեպքի վայր հրավիրված ՀՀ ՊՆ սակրավորների կողմից:

Մալխասյանն ասաց, որ դեպքի առթիվ Սյունիքի մարզի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 137 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի («Սպանությամբ, առողջությանը ծանր վնաս հասցնելու կամ գույքի ոչնչացման սպառնալիք» և «Զենքի, զինամթերքի, պայթուցիկ նյութերի կամ պայթուցիկ սարքավորումների անօրինական ձեռքբերում, իրացնում, պահում, տեխափոխում և կրում») հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: -0-