Իտալական ասոցիացիան Հայաստանին կներկայացնի տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման նախագիծը

26.07.2010, 14:36
Իտալական ասոցիացիան Հայաստանին կներկայացնի տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման նախագիծը

«Rondine Cittadella della Pace» իտալական ասոցիացիան մտադիր է ՀՀ ղեկավարությանը տարածաշրջանում հակամարտությունների կարգավորման նախագիծ ներկայացնել, երկուշաբթի կլոր սեղանի ժամանակ հայտնեց Ասոցիացիայի նախագահ Ֆրանկո Վակարին։

«Անհրաժեշտ է պայմաններ ստեղծել, որպեսզի բանակցությունների սեղանը մարդկային, մշակութային, տնտեսական և քաղաքական փորձի որոշման և ամփոփման լավագույն տեղը դառնա՝ Կովկասի աստիճանական զինաթափման նպատակով»,- ասաց Ասոցիացիայի նախագահը՝ ավելացնելով, որ իրենց առաջարկությունները 14 կետից են բաղկացած։

Ըստ նրա՝ Հարավային Կովկասում ազատ մտքի ստեղծման անհրաժեշտություն կա, ինչը սոցիալական և քաղաքական հարցերի լուծման համար կառավարությունների միջև երկխոսության ձևաչափի ստեղծման կհանգեցնի։

Վակարին նշեց, որ Ասոցիացիան չի զբաղվում քաղաքականությամբ, բայց այն կարող է լուծում առաջարկել այս կամ այն քաղաքական իրավիճակի համար։ Նա նշեց, որ ասոցիացիայի գործունեությունը խորհրդատվական բնույթ է կրում։

«Մեր կազմակերպության հիմնական նպատակը հատկապես Հարավային Կովկասի երիտասարդությանն այդ գործընթացում ներառելն է։ Այս նպատակով մենք եղել ենք արդեն Բաքվում, Թբիլիսիում և ժամանել ենք Երևան» ,- նշեց ասոցիացիայի նախագահը։

Միաժամանակ ասոցիացիան նպատակ ունի երիտասարդության ներկայացուցիչների միջև գիտահետազոտական գործունեություն զարգացնել, մշակութային երկխոսություն հաստատել և, որ պակաս կարևոր չէ, տարածաշրջանային ընկերությունների միջև ազատ առևտրի տնտեսական գոտի ձևավորել։

«Դա տնտեսական ինտեգրման, կապիտալի, մարդկանց, ապրանքի ազատ տեղաշարժի կբերի, ինչպես նաև կնպաստի տարածաշրջանի տնտեսության մեջ եվրոպական ընկերությունների կողմից ներդրումների կատարմանը»,- ասաց Վակարին։

Նա հայտնեց, որ ասոցիացիան ծրագրում է հանդիպումներ անցկացնել ՀՀ ԱԳՆ ղեկավարության հետ և նրանց ներկայացնել տարածաշրջանում հակամարտությունների կարգավորման նախագիծը։

«Rondine Cittadella della Pace» ասոցիացիան ստեղծվել է 2008թ.-ին՝ Վրաստանի  օգոստոսյան պատերազմից հետո, և նպատակ ունի Հյուսիսային և Հարավային Կովկասի երիտասարդությանը ներգրավել տարածաշրջանի հակամարտային իրավիճակների կագավորման ձևերի մշակման գործընթացում։ -0-