ՀՀ կառավարությունը Ադրբեջանից փախստական երեք ընտանիքի անհատույց ապահովել է բնակարանով

22.07.2010, 15:33
ՀՀ կառավարությունը Ադրբեջանից փախստական երեք ընտանիքի անհատույց ապահովել  է բնակարանով

ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ որոշում է ընդունել ադրբեջանահայ փախստականների երեք ընտանիքի անհատույց կերպով որպես սեփականություն տրամադրել զբաղեցրած կամ այլ բնակտարածքներ:

Մասնավորապես, ինչպես տեղեկացրեց Պետական ունեցվածքի կառավարման վարչության պետ Կարինե Կիրակոսյանը, ՀՀ քաղաքացիություն ընդունած փախստականներին հանձնվել են Շիրակի և Վարդաշեն փողոցներում գտնվող հանրակացարանների զբաղեցրած կամ այլ բնակտարածքներ:

ՀՀ միգրացիոն ծառայության տեղեկատվության համաձայն՝ 1988-1992 թթ.-ին Ադրբեջանից Հայաստան է եկել ավելի քան 360 հազար հայ փախստական, ևս 140 հազար էթնիկ հայ գաղթել է ԱՊՀ երկրներ:

ՀՀ տարածքային կառավարման նախարարության վերջին տվյալների համաձայն՝ Հայաստանում բնակվում է Ադրբեջանից եկած շուրջ 313 հազար հայ փախստական, որոնցից մոտ 82 հազարը ՀՀ քաղաքացիություն են ստացել չափահաս դառնալուն պես:

Միջազգային կազմակերպությունների տվյալների համաձայն՝ Ադրբեջանից եկած ևս 120 հազար հայ փախստական ստացել է այլ երկրների քաղաքացիություն:-0-