ՀՀՇ-ն մտադիր չէ փոխել իր պայքարի ռազմավարությունը և փիլիսոփայությունը. վարչության ղեկավար

21.07.2010, 17:45
ՀՀՇ-ն մտադիր չէ փոխել իր պայքարի ռազմավարությունը և փիլիսոփայությունը. վարչության ղեկավար

Ընդդիմադիր Հայոց համազգային շարժումը մտադիր չէ փոխել իր պայքարի ռազմավարությունն ու փիլիսոփայությունը, հայտնեց ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը՝ մեկնաբանելով մամուլում հայտնված կուսակցության ռազմավարության փոփոխության մասին հաղորդագրությունները։

«Նույնիսկ նշույլներ չկան, որ մեր ռազմավարությունն ու փիլիսոփայությունը փոխվում է»,- չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Մանուկյանը։

Ըստ նրա՝ անցյալ շաբաթ կայացած ՀՀՇ վերջին համագումարի ժամանակ բազմաթիվ հարցեր, կուսակցության աշխատանքային ծրագրեր են քննարկվել, ապագայի հիմնական կողմնորոշումներ են սահմանվել, վարչության նոր կազմ է ընտրվել՝ 31 մարդուց բաղկացած։

Մանուկյանը տեղեկացրեց, որ վարչության խորհրդի կազմում 15 նոր անդամ է մտել, առաջին անգամ նրանում երեք կին է ընգրկվել։

ՀՀՇ հիմնական խնդիրների թվում վարչության նախագահը նշել է մարզային կառույցների աշխատանքների ընդլայնումը և ակտիվացումը, կենտրոնական մարմինների հետ դրանց կապերի ամրապնդումը, ինչպես նաև «քաղբանտարկյալների ազատության համար պայքարը»։

Կուսակցության խնդիրների թվում նա նշել է նաև միջազգային կառույցների հետ համագործակցության ընդլայնումը, երիտասարդությանը քաղաքականություն ներգրավելը, նրանց համար սեմինարների անցկացումը։ Վարչության նախագահը խոստացավ, որ կուսակցության մշտական «երիտասարդացումը» ՀՀՇ-ի համար առաջնային ուղղություն կլինի։

Կուսակցության համագումարից հետո ՀՀՇ անդամ, խորհրդարանի նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանի հայտարարության մասին խոսելիս, որում ասվում էր վարչության ընտրությունների ընթացքում եղած խախտումների մասին, Մանուկյանը հավաստիացրեց, որ ընտրությունների ընթացքը թափանցիկ է եղել և համապատասխանել է կանոնադրությանը։

Ըստ նրա՝ Ռուբինյանն համագումարի ընթացքում հնարավորություն է ունեցել իր դժգոհությունն ու նկատողությունները հայտնել, քանի որ այն շուրջ տասը ժամ է տևել։  Բացի այդ Մանուկյանն ընդգծեց, որ հաշվիչ հանձնաժողովը քվեարկության ամբողջ ընթացքը և ձայների հաշվարկը կանոնակարգին համապատասխանելու մասին հայտարարություն է տարածել, նաև այն մասին, որ ոչ քվեարկության ժամանակ, ոչ էլ դրանից հետո ոչ ոք դժգոհություն չի հայտնել։

«Բոլոր կասկածները ցրելու համար հանձնաժողովը Կարապետ Ռուբինյանի կամ կուսակցության ցանկացած այլ անդամի համապատասխան հայտարարության ստանալու օրվանից սկսած երեք օրվա ընթացքում պատրաստ է ձայների վերահաշվարկ կատարել...  Չեմ կարծում, որ Ռուբինյանը նման հայտարարություն տարածեր, եթե ընտրվեր ՀՀՇ վարչության կազմում»,- հայտարարեց նա։

Մանուկյանը տեդեկացրեց, որ Ռուբինյանին, ով 232 ձայն է հավաքել, շուրջ 30 ձայն չի բավականացրել, որպեսզի կուսակցության վարչության կազմ մտնի։ Ընդ որում,  ինչպես հայտնեց վարչութան նախագահը, չի բացառվում, որ Ռուբինյանի հետ համագործակցությունը կշարունակվի՝ հաշվի առնելով երկար տարիների համատեղ աշխատանքային փորձը։ -0-