Առավոտյան վազքը վտանգավոր է առողջությանը. փորձագետ
Առավոտյան վազքը վտանգավոր է ոչ պրոֆեսիոնալ մարզիկների համար, կարծում է «Ձյու Սիմոն» կարատեի ֆեդերացիայի նախագահ Վարդան Գևորգյանը:
«Որպես հանրապետության վաստակավոր մարզիչ՝ ես բոլոր նրանց, ովքեր առողջական նպատակներով սպորտով են զբաղվում, խորհուրդ կտամ առավոտյան չվազել: Դա վտանգավոր է նրանց առողջությանը»,- ուրբաթ լրագրողներին ասաց Գևորգյանը:
Ֆեդերացիայի նախագահը նշեց, որ առավոտյան նախ պետք է առանց շտապելու վեր կենալ անկողնուց, բերանը ողողել կիտրոնաջրով և թեթև մարմնամարզություն անել՝ այդպիսով ինքդ քեզ աշխատանքային օրվան պատրաստելով:
Գևորգյանն ընդգծեց, որ սպորտով զբաղվելու լավագույն ժամանակահատվածը 17:00-ից մինչև 19:30-ն է:
Նա ավելացրեց, որ մարզումների ժամանակ մարզասրահներում անհրաժեշտ է 2,5-ից 3 լիտր սենյակային ջերմաստիճանի ջուր օգտագործել: Միաժամանակ նա ընդգծեց, որ սառը ջուրը միայն կարող է վնաս հասցնել օրգանիզմին:
Ջիթ Կուն Դո ֆեդերացիայի նախագահ Արտյուշա Ղանդոյանը նշեց, որ սպորտային վարժանքներ պետք է անել գոնե շաբաթը երեք անգամ:
Պրոֆեսիոնալ մարզիկների մասին խոսելիս՝ Ֆեդերացիայի նախագահը նշեց, որ մարզումների համար տեղ է պետք փնտրել՝ ելնելով այն երկրի կլիմայական պայմաններից, որտեղ անցկացվում են մրցումները, ինչը կարևոր է մարզիկների առավելագույն կլիմայական ադապտացիայի համար:-0-