ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ կառավարությունը հինգշաբթի որոշում է ընդունել ՀՀ գյուղտնտեսության նախարարությանը 558 մլն դրամ (շուրջ 1,5 մլն դոլար) տրամադրել՝ Ռուսաստանի Ստավրոպոլի շրջանից և տեղական արտադրողներից էլիտար սորտերի ցորենի սերմերի ձեռքբերման համար։
«Մենք մտադիր ենք փորձագիտական խումբ ուղարկել Ռուսաստանի Ստավրոպոլի շրջան՝ այնտեղից Հայաստան 1000 տոննա էլիտար սորտերի ցորենի սերմ ներմուծելու համար։ Ամենաուշը՝ օգոստոսի 20-25-ը սերմերը պետք է արդեն Հայաստանում լինեն, որպեսզի սեպտեմբերից հնարավոր լինի ցանքի գործընթացը կազմակերպել»,- հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ գյուղտնտեսության նախարար Գեղասիմ Ալավերդյանը։
Կառավարական նիստի ժամանակ նա նշեց, որ միջոցները կտրամադրվեն 2010-2013թթ. սերմնաբուծության և ցորենի սերմերի արտադրության զարգացման ծրագրով, որը թույլ կտա առավել արդյունավետ լուծել ցորենի ցանքատարածքների ավելացման հարցը։
Ըստ Ազգային պարենային բալանսի տվյալների՝ 2004-2008թթ.-ին Հայաստանում ցորենի ինքնաբավության մակարդակը միջինը 37 տոկոս է կազմել։ Տարեկան Հայաստանում 650-720 տոննա ցորեն է օգտագործվում, ընդ որում տեղական արտադրության ծավալը 2007, 2008 և 2009թ.-ին 254 հազար, 225 հազար և 198 հազար տոննա է կազմել՝ համապատասխանաբար։
Ալավերդյանը նշեց, որ բարձր արտադրողականության ցորենի սերմերը կտրամադրվեն գյուղտնտեսական տնտեսվարող սուբյեկտներին։
«Դրա շնորհիվ ցորենի ցանքատարածքները հնարավոր կլինի մինչև 115-120 հազար հա-ի հասցնել և տարեկան 400-420 հազար տոննա բերք արտադրել»,- ընդգծեց նախարարն՝ ավելացնելով, որ այդ կերպ հանրապետությունում ինքնաբավության մակարդակը կհասցվի մինչև 55 տոկոսի։
Իր հերթին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, որ առաջին անգամ երկիր էլիտար սորտերի ցորեն կներկրվի, որն անհրաժեշտ է սերմնաբուծության զարգացման համար։
«Կառավարությունը նպատակ ունի Գյումրիի և Էջմիածնի երկու պետական սերմնաբուծական կենտրոնների, ինչպես նաև Հայաստանում գործող երկու մասնավոր սերմնաբուծական ընկերությունների հզորություն հասցնել մինչև 3000 տոեննա սերմերի արտադրության։ -0-