«Ոսկե ծիրան» յոթերորդ միջազգային կինոփառատոնը ֆրանսիական կինոյում հայերի ունեցած ավանդի վկայությունը կդառնա, երեքշաբթի ասաց Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական Ժան Պոլ Մարթենը։
Փառատոնը կբացի Անրի Վերնոյի «Մայրիկ» հայտնի ֆիլմը՝ նվիրված մեծ ռեժիսորի 90-ամյա հոբելյանին, և կփակի Կաննի կինոփառատոնի «Լավագույն կարճամետրաժ ֆիլմի համար» անվանակարգի մրցանակակիր, հայկական ծագում ունեցող ռեժիսոր Սերժ Ավետիքյանի «Շների կղզի» ֆիլմը։
«Ֆրանսիան արդեն երկար ժամանակ «Ոսկե ծիրան»-ի գործընկերն է»։ Այս տարին հատկապես հատկանշական է, որովհետև այն ցույց կտա ֆրանսիական կինոյում հայերի ունեցած ողջ ավանդը։ Բացման արարողությունը որպես հարգանքի տուրք կլինի ֆրանսահայ ռեժիսոր Անրի Վերնոյին, իսկ փակումը կնշանավորվի Սերժ Ավետիքյանի կինոնկարի ցուցադրությամբ»,- չորեքշաբթի լրագրողներին հայտնեց Մարթենը։
Այս կապակցությամբ Մարթենն ավելացրեց, որ Ֆրանսիայի ազգային կինոինստիտուտի ռեկտորը կայցելի Հայաստան, ինչը որպես ազդակ կծառայի համատեղ նոր նախագծերի ստեղծման համար։
«Ոսկե ծիրան» ամենամյա միջազգային կինոփառատոնը տարածաշրջանում ամենահեղինակավորներից է և անցկացվում է 2004թ.-ից։ «Ոսկե ծիրան» 7-րդ փառատոնը կանցկացվի Երևանում հուլիսի 11-18-ը, որի ընթացքում կներկայացվի ավելի քան 100 կինոնկար՝ աշխարհի 62 երկրից։ -0-