Հայաստանը ցանկանում է օգտագործել ՄԱԿ-ի փորձագետների փորձը UNDP-ի ծրագրերն իրագործելիս. վարչապետ

07.07.2010, 10:54
Հայաստանը ցանկանում է օգտագործել ՄԱԿ-ի փորձագետների փորձը UNDP-ի ծրագրերն իրագործելիս. վարչապետ
Հայաստանը ցանկանում է օգտագործել ՄԱԿ-ի փորձագետների փորձը UNDP-ի ծրագրերն իրագործելիս. վարչապետ

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կարևորում է ՄԱԿ-ի փորձագետների փորձի և մեթոդաբանության կիրառումը UNDP-ի հետ համատեղ ծրագրերն իրագործելիս, հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը:

Այս մասին վարչապետն ասել է երեքշաբթի ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP) Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրենի տեղակալ և Բրատիսլավայի ՄԱԶԾ տարածաշրջանային կենտրոնի տնօրեն Յանս Վանդելի հետ հանդիպման ժամանակ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության խորացման հնարավորությունները: Միաժամանակ ՀՀ վարչապետը բարձր է գնահատել Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի ծավալած գործունեությունը։

Վանդելն իր հերթին ընդգծել է, որ 2010-2015 թթ. համար ՀՀ կառավարության և ՄԱԶԾ-ի միջև ստորագրված Համագործակցության ծրագրի գործողությունների պլանը որակապես լավագույնն է տարածաշրջանում պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման տեսլականի առումով։

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են մակրոտնտեսական զարգացումների ընթացքին և հեռանկարներին։ Այդ համատեքստում հյուրի խնդրանքով Տիգրան Սարգսյանը ներկայացրել է Հայաստան-Եվրամիություն համագործակցության ուղղությունները` խորը և համապարփակ Ազատ առևտրի համաձայնագրի կնքում, մուտքի արտոնագրի ռեժիմի դյուրացում, Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում մշակվող Ազգային ծրագրով նախատեսվող բարեփոխումների իրականացում և համատեղ ծրագրերի իրագործում էներգետիկայի ոլորտում:

Խոսելով կոռուպցիայի և ստվերային տնտեսության վերացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին` վարչապետը տեղեկացրել է, որ Ազգային Ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է «Հասարակական ծառայությունների մասին» օրենքը, որով մեխանիզմներ են ստեղծվում պաշտոնատար անձանց գործունեության թափանցիկությունը բարձրացնելու համար։

 

Անդրադառնալով տարածքների համաչափ զարգացման կարևորության խնդրին` Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ այն իրականացվում է երկու` ապակենտրոնացման և տեղական ինքնակառավարման մարմինների կարողությունների հզորացման ուղղությամբ։ -0-