Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունը ակցիա է կազմակերպում ՀՀ նախագահի նստավայրի դիմաց

02.07.2010, 19:05
Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունը ակցիա է կազմակերպում ՀՀ նախագահի նստավայրի դիմաց
Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունը ակցիա է կազմակերպում ՀՀ նախագահի նստավայրի դիմաց

Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունը հուլիսի 3-ին ակցիա է կազմակերպում ՀՀ նախագահի նստավայրի դիմաց, «Նովոստի Արմենիա» գործակալությանը հայտնեցին ակցիայի կազմակերպիչները:

Հուլիսի 3-ին ժամը 12 00-ին Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունը ՀՀ նախագահի նստավայրի դիմաց կազմակերպում է ակցիա:

Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, ակցիայի պահանջներն են՝ «աշխարհազորի կազմակերպում» և «ոչ մի թիզ հող չպետք է զիջել»:

Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահները Կանադայում կայացած «Մեծ ութնյակի» գագաթնաժողովի շրջանակներում ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ համատեղ հայտարարություն են ընդունել, որում կոչ են արել Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներին արագացնել Հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքների վրա տարվող աշխատանքը՝ Խաղաղ համաձայնագրի նախագծի մշակմանն անցնելու նպատակով: Նախագահները նշել են, որ «այժմ Հայաստանին և Ադրբեջանին անհրաժեշտ է կատարել ևս մեկ քայլ և ավարտել Հիմնական սկզբունքների վրա տարվող աշխատանքը, որպեսզի հնարավոր լինի անցնել Խաղաղ համաձայնագրի նախագծի մշակմանը»:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-