Պատանի հայ նկարիչները լավագույնն են ճանաչվել Երևանի Դելփյան խաղերին

01.07.2010, 17:48
Պատանի հայ նկարիչները լավագույնն են ճանաչվել Երևանի Դելփյան խաղերին

Երիտասարդական Դելփյան 6-րդ խաղերի «Կերպարվեստ» անվանակարգում Հայաստանը երկու ոսկե մեդալ է ստացել, հաղորդեցին Հայաստանի Դելփյան կոմիտեի մամուլի ծառայությունից։

Երիտասարդական Դելփյան 6-րդ խաղերն անցկացվում են Երևանում՝  ՀՀ կառավարության, մշակույթի նախարարության և ԱՊՀ մասնակից պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ։

Խաղերին մասնակցում են 10-25 տարեկան ավելի քան 500 երիտասարդ արվեստի գործիչներ Հայաստանից, Բելառուսից, Վրաստանից, Ղազախստանից, Ղրղզստանից, Լատվիայից, Մոլդովայից, Ռուսաստանից, Տաջիկստանից, Ուզբեկստանից, Ուկրաինայից և Էստոնիայից։

Հաղորդագրության համաձայն՝ արծաթե մեդալները կիսել են Ռուսաստանն ու Հայաստանը, բրոնզե մեդալները՝ Հայաստանն ու Վրաստանը։ Դիպլոմներով են պարգևատրվել Հայաստանը, Վրաստանը և Ղազախստանը։

«Լուսանկարչություն» անվանակարգում հաղթել է Բելառուսը։ Արծաթե և բրոնզե մեդալները նվաճել են ռուսները։ Դիպլոմներ են հանձնվել Վրաստանին և Հայաստանին։

«Վեբ-դիզայն» անվանակարգում ոսկե մեդալ է ստացել Բելառուսը։ Երկրորդ տեղը զբաղեցրել է Հայաստանը, իսկ երրորդը՝ Ռուսաստանը։ Մեկ դիպլոմ է հանձնվել հայերին։

Լավագույնը «Հեռուստալրագրությունում» ճանաչվել է Ռուսաստանը,  արծաթե մեդալ է հանձնվել Հայաստանին, բրոնզե մեդալ՝ Մոլդովային։ Մեկ դիպլոմ է շնորհվել Հայաստանին։

«Նորաձևություն» անվանակարգում հաղթող են ճանաչվել ռուսները։ Երկրորդ տեղը զբաղեցրել է Հայաստանը, իսկ երրորդը՝ կրկին Ռուսաստանը։ Դիպլոմներով են պարգևատրվել Հայաստանի, Վրաստանի և Բելառուսի մասնակիցները։ -0-