ԱՄՀ-ն հաստատել է Հայաստանի համար նախատեսված 395 մլն դոլարի հակաճգնաժամային վարկը

29.06.2010, 13:16
ԱՄՀ-ն հաստատել է Հայաստանի համար նախատեսված 395 մլն դոլարի հակաճգնաժամային վարկը
ԱՄՀ-ն հաստատել է Հայաստանի համար նախատեսված 395 մլն դոլարի հակաճգնաժամային վարկը

Արժույթի միջազգային հիմնադրամի Գործադիր խորհուրդը 395 մլն դոլար ընդհանուր արժողությամբ հակաճգնաժամային վարկային աջակցության երկու ծրագիր է հաստատել, տեղեկացնում է ԱՄՀ պաշտոնական կայքը։

Միաժամանակ, յուրաքանչյուր վարկի արժեքը ECF/EFF երկու ծրագրերով (Ընդլայնված վարկավորման մեխանիզմ և Ընդլայնված ֆինանսավորման մեխանիզմ) կազմում է 197,4 մլն դոլար՝ երեք տարի ժամկետով։Խորհրդի որոշումով ծրագրի հաստատումից հետո Հայաստանը կկարողանա ստանալ վարկի մի մասը՝ 53,6 մլն դոլարի չափով։

Հաղորդագրությունում նշվում է նաև, որ ծրագրի հիմնական նպատակներն են ֆինանսական և արտաքին կայունության վերականգնումը, ֆինանսական կայունության պահպանումը, տնտեսական աճի աջակցությունը և աղքատության կրճատումը։

Գործադիր Խորհրդի կողմից այս հարցի քննարկումից հետո ԱՄՀ տնօրեն-կարգադրիչի տեղակալ Մուրիլո Պորտուգալը նշեց, որ հայկական տնտեսությունը դուրս է գալիս խորը ճգնաժամից, ֆինանսական հատվածը բավական հիմնավորված է և լավ կապիտալիզացված։

Նա ավելացրեց նաև, որ հայկական տնտեսության վերականգնման պայմաններում իշխանություններն ավելի մեծ ուշադրություն են դարձնում միջնաժամկետ խնդիրների՝ տնտեսական էական աճի և աղքատության կրճատման, ֆինանսական հատվածի կայունության և արտաքին պարտքի կայունության, հարկային վարչարարության կատարելագործման վրա։

ԱՄՀ կողմից Հայաստանին տրամադրած միջոցների ընդհանուր ծավալը ներկայում կազմում է 350,4 մլն SDR (մոտ 532,2 մլն դոլար)։

Նախատեսվում է, որ 2010 թվականին Հայաստանն ԱՄՀ-ից 150 մլն դոլար կստանա։ -0-