Երևանում քննարկվել է ռադիոակտիվ նյութերի ապօրինի փոխադրման կանխարգելումը

22.06.2010, 20:02
Երևանում քննարկվել է ռադիոակտիվ նյութերի ապօրինի փոխադրման կանխարգելումը
Երևանում քննարկվել է ռադիոակտիվ նյութերի ապօրինի փոխադրման կանխարգելումը

«Միջուկային և ռադիոակտիվ նյութերի ապօրինի փոխադրման և պահպանման կանխարգելման սցենարներ» թեմայով  նախապատրաստական աշխատաժողովն է տեղի ունեցել երեքշաբթի Երևանում, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Միջոցառման ընթացքում նշվել է համապատասխան գերատեսչությունների միջև առկա սերտ փոխգործակցության շարունակականության անհրաժեշտության մասին, ներկայացվել են առաջարկներ առաջիկայում կայանալիք միջուկային մաքսանենգության ոլորտում գործնական սցենարների կիրառմամբ սեմինարի վերաբերյալ:     

ԱԳՆ աջակցությամբ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան կողմից կազմակերպված աշխատաժողովին մասնակցում էին ԱՄՆ պետդեպարտամենտի «Միջուկային մաքսանենգության կանխարգելման» ծրագրի մասնագետներ, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության, ինչպես նաև ՀՀ շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներ:  

Հայաստանում գործում է տարածաշրջանում միակ ատոմակայանը (գործում է ատոմային երկրորդ էներգաբլոկը՝ 407,5 ՄՎտ հզորությամբ), որն ապահովում է երկրում էլեկտրաէներգիայի ընդհանուր արտադրության 40-45 տոկոսը։ Հայկական ԱԷԿ-ը, մասնագետների տվյալներով, կարող է գործել մինչև 2016-ը։ --0--